Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը

Մարտի 1-ի նիստում Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալները եւ աշխատանքային գործունեությունը բարձրաձայնել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Ատոմ Ջանջուղազյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է: Պատգամավորը նշել է, որ թեկնածուն մեծ փորձառություն ունի պետական կառավարման ոլորտում: «Կարծում եմ, որ Ատոմ Ջանջուղազյանի մասնագիտական կարողությունները համապատասխանում են պաշտոնին ներկայացվող պահանջներին»,- ընդգծել է Գեւորգ Պապոյանը` հավելելով, որ այդ առումով խմբակցությունը, ինչպես նաեւ հանրությունն ակնկալում են, որ թեկնածուն իր աշխատանքը կիրականացնի բարձր մակարդակով, կնպաստի բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացմանը:

Խոսելով պետական ինստիտուտների կարեւոր դերակատարությունից` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ այդ մարմինների որակը պետության դիրքի բարելավման գրավականն է, իսկ պետական ինստիտուտների կայացման աստիճանն ուղղակիորեն պայմանավորվում է պետական ծառայողի գործոնով:

Բանախոսի խոսքով` մեր պետությունը եւ պետական ինստիտուտները երիտասարդ են ու տարբեր ոլորտներում առաջանցիկ աճ արձանագրելու համար հսկայական ջանք է պահանջվում: «Ակնհայտ է, որ մեր երկրի պետական ինստիտուտների կայացման հարցում նկատելի առաջընթաց է գրանցվել, բայց դա բավարար համարվել չի կարող»:

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է նաեւ Հաշվեքննիչ մարմնի առաքելությանը, հանրային պետական շահի չափելիությանը, պալատի գործունեության իրավական հիմքերին:

Զեկուցողի խոսքով` միայն մասնագիտական բարձր որակավորում ունեցող եւ բարեվարքության ընդունելի չափանիշներին համապատասխանող աշխատակիցները կկարողանան լավագույնս ծառայել հանրային պետական շահին ու ապահովել Հաշվեքննիչ պալատից ակնկալվող արդյունքները:

Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել քաղաքական մեծամասնությանը` ցուցաբերած վստահության համար: Նա հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում կարդարացնի սպասելիքները` ի շահ պետության:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին:

Spread the love