Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը:
Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ:
Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը
Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները պայմանավորված են կրթության ռազմավարությամբ՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով:
Ըստ այդմ՝ կրթական տարբեր մակարդակներում մի քանի ուղղությամբ նախատեսված են խոշոր ծրագրեր. «Դրանցից առաջինը հասանելիության, մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերն են, որոնք տարբեր կրթական մակարդակներում տարբեր կերպ են դրսևորվում: Հասանելիության և մատչելիության համատեքստում նկատի ունենք ենթակառուցվածքների ապահովումը: Մասնավորապես` մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ստեղծման ուղղությամբ՝ 500 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման և վերակառուցման պետական ծրագրի շրջանակում. նորակառույց բոլոր նախադպրոցական հաստատությունները հագեցվում են նաև նոր գույքով:
2026 թվականին 3-5 տարեկանների 85 տոկոսի ներգրավում նախադպրոցական համակարգում
Նախադպրոցական կրթության ոլորտում 2026 թվականի գլխավոր թիրախը 3-5 տարեկանների 85 տոկոսի ներգրավման ապահովվումն է ուսումնական հաստատություններում: 2024 թվականի տվյալներով արդեն ունենք շուրջ 75 տոկոսի ներգրավվածություն: Նախանշված գլխավոր թիրախին հասնելու համար առանձնացվել են սոցիալական խմբեր, որոնց նախադպրոցական կրթության ծախսը փոխհատուցվում է պետական բյուջեից: Առաջիկայում կներդրվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր:
2026 թվականին բոլոր դպրոցները կունենան ԲՏՃՄ լաբորատորիաներ
Դպրոցական ենթակառուցվածքների բարելավման խոշոր պետական ծրագիրը 300 դպրոցի նորոգման, բարեկարգման և կառուցման ծրագիրն է. այս ծրագրի շրջանակում ևս կառուցվող և վերակառուցվող դպրոցները հագեցվում են ամբողջական գույքով: «Հանրակրթության ոլորտում հատուկ ուշադրության կենտրոնում ենք պահում բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտական (ԲՏՃՄ) լաբորատորիաների ստեղծման հարցը. մինչև 2026 թվականի ավարտը բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված կլինեն ԲՏՃՄ լաբորատորիաներով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ մասնագիտական կրթության ոլորտում ևս իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ:
Նա նաև հավելել է, որ դպրոցական և ՄԿՈՒ համակարգերում նույնպես տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր է իրականացվում:
Հանակրթության պետական չափորոշիչը ներդրվել է 12 դասարաններից 7-ում
Քաղաքականության մյուս հիմնական ուղղությունը կառավարման և որակի փոփոխությանն ուղղված ծրագրերն են: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության և նախադպրոցական կրթությանը՝ նշելով, որ Հանակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 12 դասարաններից 7-ում. առաջիկա ուսումնական տարում կներդրվի ևս 4 դասարաններում, իսկ հաջորդ տարվա վերջին՝ 12-րդ դասարանում:
Մասնագիտական կարողությունների զարգացում և խրախուսում. կամավոր ատեստավորում
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ռազմավարության կարևոր ուղղություններից մեկին՝ բոլոր կրթական մակարդակներում կարողությունների զարգացման ծրագրերին: Նշվել է, որ նախադպրոցական համակարգում գործում է տարակարգի տրամադրման հնարավորությունը, որին դեռևս քիչ մանկավարժներ են դիմում, սակայն ակտիվացման ուղղությամբ աշխատանքներ են նախատեսվում:
Հանրակրթության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման առաջնային ծրագրերից մեկը կամավոր ատեստավորումն է, որը շարունակվելու է:
«Կամավոր ատեստավորման գործընթացը 2024 թ. առաջընթաց է գրանցել. համեմատելով նախորդ տարիների տվյալների հետ` արձանագրվել է, որ մասնակիցների 56 տոկոսն առաջին անգամ է մասնակցել կամավոր ատեստավորմանը: Ընդհանուր առմամբ հանրապետության ուսուցիչների 20 տոկոսն արդեն իսկ անցել է կամավոր ատեստավորում: Նախորդ տարի փորձարկված էլեկտրոնային համակարգի հաջող ընթացքով պայմանավորված՝ այս տարի մասնակիցների ավելի մեծ թիվ ենք ակնկալում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Տարակարգ
Ուսուցիչների խրախուսման մյուս համակարգին՝ տարակարգի շնորհմանն անդրադառնալիս Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 4-րդ կարգի տարակարգ ստացած ուսուցիչների թիվն անցել է 50-ը, որը ապահովում է 50 տոկոս հավելավճարի տրամադրում:
Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ տարակարգի դիմելու հարցում ուսուցիչները բավականին բարձր ակտիվություն են ցուցաբերում:
Մասնագիտական զարգացման հաջորդ մեխանիզմն ուսուցչի հերթական ատեստավորման շրջանակում կարիքի վրա հիմնված վերապատրաստումների և ատեստավորման իրականացումն է:
Ատեստավորում և խրախուսում ՄԿՈՒ ոլորտում
Մասնագիտական կրթության ոլորտում ևս նախորդ տարվանից մասնագիտական զարգացման և խրախուսման նոր մեխանիզմ է ներդրվել 4 ուղղությամբ` ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն: Իրականացվել է մասնագիտական առարականեր դասավանդողների վերապատրաստում, այնուհետև՝ ատեստավորում: Մասնակիցների 85 տոկոսը հաղթահարել է շեմը, և մեծ մասն ունի հավելավճարի հնարավորություն: «Հիմա աշխատում ենք այլ ուղղությունների մշակմամբ՝ հաջորդ տարիներին գործընթացն ընդլայնելու նպատակով»,- հայտնել է Արաքսիա Սվաջյանը:
Արտադպրոցական կրթության ոլորտի ծրագրեր
Արտադպրոցական կրթության ոլորտում սահմանվել է թիրախ. 25 տոկոս երեխաների ներգրավվածություն՝ կարևորելով ֆորմալ կրթության հետ անմիջական կապը: Աշխատանքներ են իրականացվում ծրագրերի բովանդակային զարգացման ուղղությամբ` կարևորելով նաև այս համակարգում աշխատող մասնագետների կարողությունների զարգացումն ու խրախուսումը: Ըստ նախարարի տեղակալի` արտադպրոցական կրթության համակարգում աշխատողների կամավոր ատեստավորումը դիտարկվում է ավելի բարձրակարգ մասնագետների ներգրավման հիմնական ճանապարհներից մեկը:
Քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնակի անդրադարձել է կրթական տարբեր մակարդակներում բյուջետավորման գործընթացներին ու պետական հատկացումների նախատեսված ծավալներին:
Հանդիպման ընթացքում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կամավոր ատեստավորման գործընթացին մանկավարժների մասնակցությանը, թեստերի բովանդակության լավարկմանը, կրթության զարգացման հեռանկարներին, ՄԿՈՒ հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագրի շարունակականությանը, «Լավագույն ուսուցիչ» մրցույթի ընթացակարգերին, ներառականության ապահովմանը և այլն:

 

Spread the love