ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից ներդրվել է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքները 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգ։
Խրախուսական այս նորմից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգի ակտիվացումն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոսով պակաս։ Օրինակ՝ 5000 դրամ տուգանված լինելու պարագայում անձը կվճարի 4000 դրամ։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։
Մինչ օրս համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ստացել 95.909 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 285.205 որոշում։
Բացի այդ, այժմ առցանց եղանակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս, այն է՝ «Ավտոապահովագրական մեկ պատուհան» կամ ASWA համակարգի միջոցով ավտոմեքենան ապահովագրելիս, պատուհանին կհայտնվի հիշեցում, որ roadpolice.am կայքում գրանցվելու և էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախումներով կայացված որոշումներով տուգանքների համար կվճարեք 20 տոկոս պակաս։
Հարգելի՛ քաղաքացիներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ եթե դրանք խախտելու համար տուգանվել եք, ապա օգտագործեք թվային լուծումներ՝ տուգանքները նվազ վճարելու համար։