Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում
փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։
Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաև թվային տարբերակով վարորդական վկայականները,
հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման
քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։
Մասնավորապես՝
✔️արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն կտրվի այն անձանց, որոնք առաջին անգամ մասնակցել են
վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական կամ գործնական քննությանը և ստացել են
բացասական արդյունք։ Գործող կարգավորման համաձայն՝ հաջորդ անգամ ստանդարտ սպասելաժամանակը
համապատասխանաբար 7 կամ 30 օր է։
Քննական գործընթացն առաջին անգամ չհաղթահարած անձը, օրենքով սահմանվող վճարի դիմաց, հնարավորություն
կունենա հաջորդ իսկ օրը կամ երրորդ օրը արտահերթ մասնակցելու որակավորման քննությանը՝ ստանդարտ 7 օրվա
փոխարեն։ Քննական գործընթացը երկրորդ անգամ չհաղթահարած անձը նմանատիպ հնարավորություն կունենա՝
մեկշաբաթյա կամ երկշաբաթյա ժամկետում՝ ստանդարտ 30 օրվա փոխարեն։
✔️ Հաշվառման վկայագիրը և վարորդական վկայականը հասանելի կլինեն թվային տարբերակով։ Իրավաչափ կհամարվի ՀՀ
տարածքում երթևեկությունը առանց պլաստիկ վարորդական վկայականի (ֆիզիկական առկայության)։
✔️Հնարավորություն կտրվի պետական գրանցման-հաշվառման ամբողջ գործընթացն իրականացնել թվային տարբերակով,
տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագրերը հնարավոր կլինի առաքել փոստային
եղանակով։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, արդյոք դիտարկվում է վարորդական իրավունքի ձեռքբերման
քննությունը պատվիրակելու հարցը՝ այն համատեքստում, որ հավաստագրված ուսում իրականացնող կառույցի կողմից
քննության անցկացումն ավելի արդյունավետ կլինի: Ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ
տարբերակը դիտարկվում է․ «Այս պահին քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց
առաջ անպայման լինի կրթական բաղադրիչ և Կառավարությունը, այս դեպքում՝ Ներքին գործերի նախարարությունը
սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները, որոնք կարիք կլինի ունենալ կրթական գործընթացում։ Մասնավոր
ընկերությունը հնարավորություն կունենա սպասարկել կոնկրետ կրթությունը, և մենք վստահ կլինենք, որ տվյալ
չափանիշներով կրթական գործընթաց անցած ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալ վարորդական իրավունքի
վկայական»,-ասել է Ներքին գործերի նախարարը: