Հատկացումներ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100 և Ավետիք Իսահակյանի 150-ամյակների միջոցառումներին

   ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100 և մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների անցկացման համար:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և համերգային ծրագրեր:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ: Տրամադրված ֆինանսական աջակցությունը կուղղվի հոբելյանական տարվա բացման  և փակման  միջոցառումների անցկացմանը, «Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի իրականացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի կազմակերպմանը և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է» բրենդբուքի պատրաստմանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական միջոցառումների բացումը տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ աշխարհահռչակ դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ մեծ համերգային ծրագրով: Տարվա ընթացքում նախատեսվում են նաև այլ ճանաչված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, որոնք հանդես կգան ինչպես առանձին համերգներով, այնպես էլ Երևանյան երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում: Փակման համերգային ծրագիրը կղեկավարեն Վալերի Գերգիևը և Դենիս Մացուևը:

«Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի շրջանակում նախատեսվում է 12 համերգ: Չորս համերգ կկայանա Սյունիքի մարզում (Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան), մեկական համերգ` Շիրակի (Գյումրի) և Լոռու (Ստեփանավան) մարզերում, երկուական համերգ` Արմավիրի (Արմավիր և Էջմիածին), Արարատի (Արտաշատ, Վեդի) և Կոտայքի մարզերում (Հրազդան, Չարենցավան):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում նախատեսված համերգները տեղի կունենան Իրանի պատմական մայրաքաղաքում՝ Պերսեպոլիսում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև Իրանի մշակութային և քաղաքական կենտրոնում՝ Թեհրանում:

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում է 11 միջոցառում (հոբելյանական գիտաժողով, փառատոն, համերգ, մրցույթ, գրքերի տպագրություն, բրենդավորում, գովազդային արշավ), որոնց իրականացման համար կհատկացվի 62 մլն 781 հազար դրամ:

Հոբելյանական ծրագրերի իրականացման համար պահանջվող միջոցները կհատկացվեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

 

Spread the love