Հարվարդի հանրային առողջության դպրոցի ամերիկացի գիտնականները բացահայտել են սնուցման հիմնական սկզբունքը՝ սիրտն առողջ պահպանելու համար։ Մի քանի տասնամյակների ընթացքում մոտ 200 հազար մարդու տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ սիրտը պաշտպանելու բանալին ոչ թե ածխաջրերի կամ ցածր յուղայնությամբ դիետայի ընտրությունն է, այլ սննդամթերքների որակը: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյի Սննդի ամերիկյան միության (ASN) համաժողովում։
Թիմը համեմատել է տարբեր սննդակարգերի ազդեցությունը սրտի կորոնար հիվանդության ռիսկի վրա: Պարզվել է, որ դիետաների առողջ տարբերակները (շեշտը դնելով ամբողջահատիկների, բանջարեղենների, ընկույզների վրա) ռիսկը նվազեցրել են 15 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, զտված ածխաջրեր եւ ավելորդ ճարպեր պարունակող անառողջ տարբերակները մեծացրել ենն հիվանդության վտանգը:
Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել ամբողջական մթերքների՝ բանջարեղենի, մրգերի, հատիկաընդեղենի տեսակարար կշիռը, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել վերամշակված մսի եւ քաղցր ըմպելիքների օգտագործումը:
Գիտնականները նախատեսում են ուսումնասիրել գենետիկայի եւ ապրելակերպի ազդեցությունը դիետաների արդյունավետության վրա, ինչպես նաեւ դրանց կապը դիաբետի եւ քաղցկեղի հետ։ Այդ տվյալները կօգնեն ստեղծել անհատականացված սնվելու վերաբերյալ առաջարկներ: