Հայաստանում արհեստական բանականության կիրառմամաբ լաբորատոր տվյալների
վերլուծության առաջին նորարական լուծում ներկայացնելու նպատակով հունիսի 4-ին
կայացել է մամուլի ասուլիս, որի բանախոսներն են եղել ՀՀ առողջապահության նախարար
Անահիտ Ավանեսյանը, Docus ընկերության համահիմնադիր և տնօրեն Ռոբերտ Սարգսյանը
և «Բլադ Սելս» լաբորատորիաների հիմնադիր և տնօրեն Արման Հովհաննիսյանը:
Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման,
բժշկի և բուժառուի միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ինչպես
նաև հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձևավորման նպատակով
արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական
Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետևել իրենց
առողջական վիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն և
անհատականացված առաջարկներ։
«Մեր նպատակն է՝ արհեստական բանականությունն ինտեգրել Հայաստանի
առողջապահական համակարգում, որից կշահեն բոլորը։
Քաղաքացիներին մեր լուծումը թույլ կտա ստանալ իրենց բժշկական
հետազոտությունների պարզ և հասկանալի բացատրությունները։ Հարթակի
միջոցով հնարավոր կլինի հետևել առողջական ցուցանիշների փոփոխություններին
և ուղղորդվել համապատասխան մասնագետի մոտ։ Արհեստական
բանականության վրա հիմնված հիշեցումները կծառայեն որպես կամուրջ բժշկի և
բուժառուի միջև։ Սա կխթանի կանխարգելիչ բժշկությունը և կնպաստի ավելի
գիտակցական մոտեցմանը սեփական առողջության նկատմամբ։ Բժիշկներին մեր
համակարգը տրամադրում է խորը կլինիկական վերլուծություն։ Այն հաշվի է
առնում բուժառուի ներկա առողջական վիճակը և բժշկական պատմությունը, որի
արդյունքում տրամադրում է շեղված արդյունքների հնարավոր
մեկնաբանություններ, դիֆերենցիալ ախտորոշման առաջարկություններ և
լրացուցիչ հետազոտություններ։ Այս ամենը օգնում է ճշգրիտ ախտորոշմանը և
բուժման օպտիմալ ռազմավարության մշակմանը։ Մեր գործիքը կխնայի բժիշկների
ժամանակը և կնպաստի մեր երկրի առողջապահության ծառայությունների որակի
բարձրացմանը»,- ասել է Ռոբերտ Սարգսյանը:
«Առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրումը կարևոր
քայլ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին լինելու տեխնոլոգիական
զարգացումների առաջատար շարքում։ Նման նորարար լուծումները ոչ միայն
ամրապնդում են բժիշկ-բուժառու կապը, այլև նպաստում բուժառուների
անհատականացված և ավելի արդյունավետ սպասարկմանը, ձևավորում են
առողջության հանդեպ մեծ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ,
նպաստում առողջապահական մշակույթի և ինչու ոչ նաև բժշկական տուրիզմի
զարգացմանը։ Ուրախ ենք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ, որոնք
նպաստում են պետության առողջապահական համակարգի արդյունավետության
բարձրացմանը և բնակչության առողջության բարելավմանը։ Այս քայլը ցույց է
տալիս, որ Հայաստանը պատրաստ է տեխնոլոգիական նորարարություններին և
ակտիվորեն աշխատում է առողջապահության ապագան կառուցելու
ուղղությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Հայաստանում առաջին անգամ առողջապահական ոլորտում ներդրվում է արհեստական
բանականությամբ աշխատող լաբորատոր տվյալների վերլուծության համակարգ, որի
գործարկումը իրականացվել է «Բլադ Սելս» լաբորատորիաների հետ
համագործակցությամբ: Այն թույլ է տվել տեղայնացնել տեխնոլոգիան և ինտեգրել
լաբորատոր տվյալների վերլուծության պրոցեսին։ Համակարգը ստանում է հիվանդի
համաձայնությամբ տրամադրված լաբորատոր վերլուծությունների ամբողջական փաթեթը և
վերլուծում Docus-ի սեփական ալգորիթմով՝ բացահայտելով հնարավոր շեղումները։
Համակարգի միջոցով բուժառուն տեսնում է նաև իր առողջական վիճակի
փոփոխությունները ժամանակի ընթացքում։ Համակարգը մատնանշում է շեղումների
հնարավոր պատճառները, ռիսկային գործոնները, տրամադրում է ապրելակերպի
բարելավման անհատականացված առաջարկներ, ինչպես նաև առաջարկում է բժիշկներ
կամ մասնագետներ տվյալ խնդրի լուծման համար։
«Մեզ համար կարևոր էր Հայաստանում լինել այն առաջինը, որն ապացուցողական
բժշկության ժամանակակից մոտեցումներին համապատասխան լաբորատոր
հետազոտությունների վերլուծություն կտրամադրի բուժառուներին: Լաբորատոր
ոլորտում մեր ունեցած տեխնիկամասնագիտական պոտենցիալը և Docus-ի հետ
համագործակցությունը հնարավորություն տվեց մատուցվող լաբորատոր
ծառայությունները բարձրացնել նոր մակարդակի՝ միաժամանակ պարզեցնելով
վերլուծության գործընթացը ինչպես բժիշկների, այնպես էլ մեր այցելուների
համար։ Մենք հավատում ենք, որ այս նորարարությունը կարող է ձևավորել
առողջապահական նոր մշակույթ Հայաստանում՝ խթանելով ավելի տեղեկացված,
պատասխանատու և առողջապահական գործընթացում ակտիվ
ներգրավվածություն ունեցող հասարակության ձևավորումը, ու հենց դրա համար
խրախուսում ենք նմանատիպ համակարգի ինտեգրումը Հայաստանի բոլոր
բուժհաստատություններում, որը կդառնա առողջապահության ոլորտի համար
շրջադարձային քայլ»,- ներկացայցրել է Արման Հովհաննիսյանը:
Ընկերության նպատակներից մեկն է ընդլայնել լուծման կիրառումը Հայաստանի բոլոր
բժշկական հաստատություններում՝ խթանելով բնակչության առողջապահական
գրագիտության բարձրացումը և բժիշկ-բուժառու կապի ամրապնդումը։
Հայկական Docus ստարտափը ներդնում է արհեստական բանականությամբ առողջապահական առաջին լուծումը Հայաստանում
