Կերերի 30 տոկոսը եւ ամենամատչելի սառեցրած թռչնամիսը Հայաստանն Ուկրաինայից էր ներմուծում. Գները կարող են աճել
Ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական ազդեցություն է ունեցել նաեւ մեր ոլորտի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Նա պարզաբանեց, որ կերերի 25-30 տոկոսը Ուկրաինայից էր գալիս, այդ թվում՝ սոյայի, եգիպտացորենի, արեւածաղկի շրոտը։ Մնացած մասը գնվում էր Ռուսաստանից եւ այլ երկրներից։
Այժմ Ուկրաինայից մատակարարումները ամբողջությամբ դադարեցված են։ Երկու մեծ նավ, որոնք պետք է բեռնեին պատվիրված կերերը, մոտեցել են Խերսոնին, սակայն այնտեղից ֆորսմաժորային իրավիճակի պատճառով չի հաջողվել շարունակել փոխադրումը։ Այս պահի դրությամբ կերերը պետք է ճանապարհին լինեին:
«Առայժմ չենք որոշել, թե ինչպես ենք լրացնելու պակասող մասնաբաժինը։ Ուկրաինայից մատակարարումները երկարաժամկետ բնույթ են կրել։ Հիմա ոչ ոք չի կարող ասել, որ որեւէ երկիր կարող է շտապ կարգով փոխարինել նման ծավալները։ Ռուսաստանը չի կարողանա դա անել, նա նման հնարավորություններ չունի։ Նման կուլտուրաներ ամենաշատը Ուկրաինայում են աճեցնում։
Հնարավոր է, որ այն կարող են Բրազիլիայից, Արգենտինայից մատակարարները փոխարինել, բայց դա միանշանակ էական տարբերություն կունենա՝ լոգիստիկ ծախսերն ավելի բարձր են: Հավանականությունը, որ նման փոփոխությունները կհանգեցնեն գների աճի, մեծ է։ Լուրջ բացասական ազդեցություն է ունենում նաեւ դրամի արժեզրկումը։ Նույնը վերաբերում է ռուբլու արժեզրկմանը։ Ռուս գործընկերները չգիտեն, թե ինչ գնով վաճառեն։
Մեկուկես-երկու ամսվա կերի պաշարներ ունենք։ Կարծես կանխազգում էինք, քանի որ օգոստոսից նոյեմբեր մեծ քանակությամբ անասնակեր եւ հավի գլխաքանակ ենք բերել։ Սա մեզ թույլ է տալիս ներքին շուկայում նորմալ իրավիճակ պահպանել։ Մեր մասով պահանջարկը մենք լիովին բավարարում ենք, արտադրության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ չեն ընկել»,- ընդգծեց Ստեփանյանը։
Խնդիրը նաեւ այն է, որ ամենամատչելի սառեցրած թռչնամիսը Ուկրաինայից է Հայաստան ներկրվում։ Ստեղծված իրավիճակը կհանգեցնի նրան, որ հայ ներկրողները, ամենայն հավանականությամբ, նույնպես դեպի անդրօվկիանոսյան երկրներ կվերակողմնորոշվեն։
Հայաստանում ամբողջ սառեցրած թռչնամիսը ներմուծվում է։ Հայաստան ներկրվող թռչնամսի ավելի քան 40 տոկոսը ուկրաինական է։ Հավի թարմ մսի տեղական արտադրության մասնաբաժինը ավելի քան 33 տոկոս է կազմում:
Հայաստանում թռչնամսի արտադրության տարեկան ծավալը կազմում է մոտ 15 000 տոննա, ներմուծվում է մոտ 44 000 տոննա։
Թռչնաբույծների միության նախագահը վստահեցրեց, որ մինչեւ Զատիկ Հայաստանում ձվի պակաս չի լինի։
«Այս տարի վնասները կրում են արտադրողները, իսկ սպառողները շահում են։ Մինչեւ Զատիկ գները կմնան այն մակարդակին, ինչ հիմա են»,- ասաց Ստեփանյանը։
Նրա գնահատմամբ՝ պետությունը պետք է ամեն ինչ անի գները կայունացնելու եւ կտրուկ թռիչքները բացառելու համար։
«Այն, ինչ հիմա կատարվում է, աննախադեպ է, բիզնեսը չի կարողանում կողմնորոշվել իր գործողություններում»,- եզրափակեց նա։