ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները:
Ըստ այդմ՝ լաբորատոր փորձաքննության են հանձնվել ևս 2՝ «Դուստր Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների, արտադրամասերում առկա պաղպաղակի նմուշները:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ից (ապրանքանիշերը «Երևան Կաթ» և «Բալմի» ) վերցված նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել:
«Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրության «Կաթ պարունակող մթերք «Маша и Медведь»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 55գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Կաթ պարունակող մթերք վանիլային ICE HOUSE»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 75գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ, «Կաթ պարունակող մթերք «Ֆանտազիա» վանիլային» արտադրատեսակը (արտադրված 11․06․2025, 100գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ, «Կաթ պարունակող մթերք վանիլային «SQUIRREL»» արտադրատեսակը (արտադրված 11․06․2025, 80գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
«Կուտ» ՍՊԸ-ն ներկա պահին պաղպաղակի արտադրության իրականացման համար չունի անհրաժեշտ տարածք, վերջին անգամ արտադրել է ս/թ փետրվար ամսին, պահեստավորած արտադրանք չունի։
Անհատ Ձեռնարկատեր Վանուհի Մովսիսյանը պաղպաղակի արտադրություն չի իրականացնում։
«Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Տվյալ արտադրատեսակների համար տրվել են իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։