Կվերադառնա արդյոք Ռուսաստանում ամերիկյան դոլարի փոխարժեքը իր ելման դիրքին

Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված եւ հետագայում ընդլայնված ռուսական ռազմական գործողությունից հետո Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ առճակատումը կտրուկ սրվեց։ Մեկը մյուսի հետեւից հաջորդեցին Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության (ինչպես նաեւ նրանց միացած մի շարք այլ պետությունների) պատժամիջոցների փաթեթները։

Մասնավորապես, արտասահմանում «սառեցվեց» Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների գրեթե կեսը (մոտ 300 մլրդ դոլար), ռուսական մի շարք բանկեր արտաքին աշխարհից մեկուսացման մեջ հայտնվեցին, խնդիրներ առաջացեան երկիր արտարժույթի ներհոսքի հետ եւ այլն, եւ այլն:

Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների լուրջ սրումը համաշխարհային տնտեսության մեջ միանգամայն սպասելի հետեւանքների հանգեցրեց։ Ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ դոլարը սկսեց ամրապնդվել համաշխարհային այլ արժույթների նկատմամբ։ Որոշ փորձագետների կարծիքով՝ թրեյդերները դոլարը առավել քիչ ռիսկային արժույթ են համարել՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ աշխարհում հետագա իրադարձությունների անկանխատեսելիության պայմաններում։

Ռուսաստանում ավելի քան երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը գերազանցել է 100 ռուբլու հոգեբանական նշագիծը։ Հետաքրքիր է, որ արտասահմանյան արժույթի փոխարժեքի առաջին թռիչքը նկատվել է ռազմական գործողության նախաշեմին՝ փետրվարի 23-ին։ Այդ օրը դոլարը տարեսկզբից առաջին անգամ անցավ 80 ռուբլու շեմը։

Ռուսական արժույթի բորսայում հատագա խառնաշփոթը հանգեցրեց ռուբլու փլուզմանը: Ռեկորդ սահմանվեց մարտի 11-ին՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը անցավ 120 ռուբլուց։ Սակայն հետագայում, , երբ արժույթի բորսայում խառնաշփոթի առաջին ալիքը սկսեց նվազել, ռուբլին սկսեց ամրապնդվել (տե՛ս գրաֆիկը):

Այսպիսով, վերջին օրը՝ մարտի 19-ին, ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանվել է 103 95 ռուբլի։ Կշարունակվի արդյոք այս դրական միտումը առաջիկա օրերին, կախված է բազմաթիվ գործոններից։

Օրինակ, արտաքին առեւտրային գործարքների մի մասի անցումը ԱՄՆ դոլարից ռուսական ռուբլու կամ այլ արժույթի, կնվազեցնի Ռուսաստանի կախվածությունը ԱՄՆ դոլարից։ Վերջերս տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն աշխատում են փոխադարձ հաշվարկներում դոլարի մասնաբաժինը նվազեցնելու ուղղությամբ։ Նմանատիպ հարցեր են մշակվում նաեւ այլ երկրների հետ։ Այսպես, Հնդկաստանը եւ Ռուսաստանը առեւտրային հաշվարկների համար դիտարկում են չինական յուանի օգտագործումը։

Այժմ Ռուսաստանի իշխանությունները փորձում են նվազեցնել կապիտալի արտահոսքը (բնականաբար՝ արտարժույթով)՝ մի շարք սահմանափակումներ մտցնելով արտերկիր դրամական փոխանցումների համար։ Սակայն Արեւմուտքի մի շարք երկրներում ռուսական արտահանման առաջատար ապրանքների (նավթ եւ բնական գազ) վաճառքի սպասվող կրճատումը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի համար այդքան անհրաժեշտ արժույթի ներհոսքի վրա։ Ելքը մեկն է՝ եվրոպական եւ ամերիկյան իրացման շուկաներից արտահանումն ուղղել այլ երկրներ, օրինակ՝ Հնդկաստան, ինչպես նաեւ՝ Չինաստան։

Թե որքանով կհաջողվի բոլոր ծրագրերի, նախագծերի ու մտադրությունների իրականացումը մոտ ապագան ցույց կտա։ Միայն ռուսական արժութային շուկայի նորմալացման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու դեպքում հնարավոր է ռուբլու հետագա ամրապնդում ԱՄՆ դոլարի նկատմամբ։

Հայաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը կրկին հատեց 500 դրամի հոգեբանական սահմանը (տե՛ս գրաֆիկը)։ Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, մեր երկրի համար սա բոլորովին էլ սենսացիա չէ։ Նախադեպեր եղել են ինչպես անցյալ տարի, այնպես էլ ավելի վաղ։ Հայաստանում արտարժույթի շուկան, ի տարբերություն Ռուսաստանի, առանձնանում էր որոշակի կայունությամբ։ Վերջին տարիներին ԱՄՆ դոլարի փոխարժեքի առանձնակի տատանումներ չենք նկատում, մինչդեռ Ռուսաստանում համաշխարհային այս արժույթը մի քանի անգամ ամրապնդվել է։

Կարծիք կա, որ Հայաստանում ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները պայմանավորված են Ռուսաստանից «զբոսաշրջիկների» հոսքով։ Նշենք, որ Ռուսաստանում մեր սփյուռքից եւ սեզոնային աշխատանքային միգրանտներից ստացվող փոխանցումների մի մասը Հայաստան է գալիս ռուսական ռուբլով։ Շատ միգրանտներ եւս հայրենիք վերադառնալիս իրենց հետ կանխիկ գումար են բերում, մի մասը՝ ռուբլով։

Հունվարին (այսինքն՝ մինչեւ վերջին իրադարձությունները) փոխանակման կետերում ռուսական արժույթով շրջանառությունը կազմել է գրեթե 1,9 մլրդ ռուբլի, իսկ մեկ ամիս առաջ՝ 13,1 մլրդ ռուբլի։ Հասկանալի է, որ Հայաստանում ռուբլու փոխարժեքի վրա լուրջ ազդեցության համար արտարժույթի շուկայում նշված ծավալներին համադրելի ռուբլու լրացուցիչ գումար է անհրաժեշտ։

Ճշմարտությանը ավելի մոտ է թվում բացատրությունների մյուս տարբերակը։ Հայաստանում ԱՄՆ դոլարի օրական փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ որոշակիորեն արտացոլում է այդ արժույթների հարաբերակցությունը Ռուսաստանում։ Այս երկու ցուցանիշների հարաբերակցությունը հունվար-փետրվարին եւ մարտի անցած օրերին գերազանցում է 0,9-ը, ինչը վկայում է կապի բարձր աստիճանի մասին։

Հետեւյալ գրաֆիկում ներկայացված է Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի դինամիկան, եւ Հայաստանում ռուսական ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը՝ ըստ այս տարվա հունվար-մարտ ամիսների համար օրական ցուցանիշի։ Մարտի 19-ին, ըստ փոխարժեքի, Հայաստանում դոլարը հավասար էր 102,8 ռուբլու, իսկ այս համաշխարհային արժույթի պաշտոնական փոխարժեքը Ռուսաստանում՝ 104,8 ռուբլի էր։ Այս ցուցանիշների տարբերությունն ընդամենը 2,7 տոկոս է կազմում։

Տիգրան Վարդանյան

Spread the love