ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Անմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից
(ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է
ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը
վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի
օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները:

Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից
իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել
լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են
սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝
– սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,

– օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում,

– շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

– մուտքի դուռը բացվել է դեպի խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց,

– սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի
դրանք մաքրել և ախտահանել,

– սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված
խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն:

Spread the love