
«Merck» ընկերությունը ներկայացրել է նոր դեղամիջոց, որը մասնագետներն արդեն անվանում են պոտենցիալ բեկում սրտանոթային հիվանդությունների բուժման ոլորտում։ «Enlicitide» անունով հաբը «վատ» խոլեստերինի (LDL) մակարդակը նվազեցնում է մինչև 60%-ով, ինչը համեմատելի է PCSK9 դասի ներարկվող դեղամիջոցների ազդեցության հետ, սակայն առանց ներարկումներ կատարելու անհրաժեշտության։ Այս մասին հայտնում է HealthDay-ը։
Հետազոտությանը մասնակցել է 2912 մարդ, որոնք ունեցել են ինֆարկտ, ինսուլտ կամ ունեցել են սրտանոթային բարդությունների բարձր ռիսկ։ 24 շաբաթվա ընթացքում մասնակիցներն ընդունել են կամ enlicitide, կամ պլացեբո։ Առաջին խմբի պացիենտների մոտ լիպոպրոտեինների խտության մակարդակը նվազել է մինչև 60%-ով։ Ընդ որում, կողմնակի ազդեցությունների հաճախականությունը երկու խմբերում էլ եղել է նույնը։
Եթե դեղամիջոցի արդյունավետությունը հաստատվի հետագա փորձարկումներում, դեղահաբը կարող է դառնալ առկա ներարկումների ավելի մատչելի այլընտրանքը, ինչպիսիք են Repatha-ն (Amgen) և Praluent-ը (Regeneron և Sanofi):
«Մեր երազանքն է PCSK9 թերապիան դարձնել այնքան տարածված և հեշտ, որքան ասպիրինի ընդունումը», – ասաց Merck Research Laboratories-ի նախագահ Դին Լին։
Դեղահաբի ձևի ստեղծումը գործնականում անհնար էր համարվում, քանի որ PCSK9 սպիտակուցի կառուցվածքը դժվարացնում է փոքր մոլեկուլների աշխատանքը։ Merck-ի մասնագետները մոտ տասը տարի են ծախսել նյութի նոր տեսակ՝ ցիկլիկ պեպտիդ մշակելու վրա, որն իր չափերով թեև մոտ հարյուր անգամ փոքր է հակամարմիններից, սակայն պահպանում է անհրաժեշտ ակտիվությունը։
Ներկայումս ընկերությունը լայնածավալ հետազոտություն է անցկացնում՝ ավելի քան 14,5 հազար մարդու մասնակցությամբ, որպեսզի գնահատի, թե արդյոք դեղամիջոցը նվազեցնում է ինֆարկտների, ինսուլտների և մահացության ռիսկը։
Բոստոնի Բրիգամի և Կանանց հիվանդանոցի սրտաբան Քրիստոֆեր Քենոնը մշակումն անվանել է պոտենցիալ բեկում դեղագիտության շուկայում։ Դա կլինի այն դեպքում, եթե արդյունքները հաստատվեն երկարաժամկետ հեռանկարում։
