Հասարակությանը ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը` Գռզոյենց Խաչոն, օրերս ԱԺ-ում հանդես եկավ կիսախրատական, կիսաիմաստուն, կարճ ասած կիսա-կիսա բառերից կազմված նախադասություններով և փորձում էր սպիտակեցնել իր սիրելի Լևոնին և ապացուցել, որ այսօր ավելի լավ է, քան երեկ: Ավելին, որ այսօր երկրում լուծված է անգամ պրոբլեմը սիրո: Ճիշտն ասած, երբ նայում էի ակնոցները քթին այդ մարդուն, իսկույն հիշեցի Չարենցի հայտնի պոեմի խոսքերը` Ակնոցը նաիրյան քթին: Եթե Չարենցի մոտ ակնոցով հերոսը երազում էր վեց վիլայեթների մասին, ապա մեր հերոսը հեռու է նման սենտիմենտալիստություններից, որովհետև նրա քաղաքական հայրը ռեալ պոլիտիկ է, այն ամեն ինչ արեց իր ցնդաբանությունները իրականություն դարձնելու համար և դարձրեց: Ակնոցը քթին մեր հերոսը, ուղղակի դիմելով նախկիններում բարձր պաշտոններ վարած Արմեն Գևորգյանին, հարցրեց, ոչ բիզնեսով ես զբաղվել, ինչպես ես և չորս եղբայրներս հորս հետ, որ օր ու գիշեր տքնել և վաստակել ենք, բայց ոչ այնքան ինչպես դու հարյուր միլիոն դոլար: Ունես Երևանի կենտրոնում 57 անուն անշարժ գույք: Միանգամայն և անկեղծորեն կիսում եմ հարգելի Սուքիասյանի հարցադրումը և ինքս ինձ թույլ եմ տալիս բացելու փակագծերը,- ասել կուզե, որ Արմեն Գևորգյան, դու կաշառք ես կերել: Խոսքը տեղին էր և դիպուկ: Ոչ ոք անկախության բոլոր տարիների մեծ ու փոքր ցանկացած դիամետրի պաշտոնյաներից և ոչ մեկը թող չփորձի արդարանալ կամ կուրծք ծեծել, թե ինքը կույս է: Մինչ այդ կույսերին անդրադառնալը, կուզենայի հարցնել պարոն Սուքիասյանին, իսկ դու կու±յս ես: Այդ ծով հարստությունը որ կուտակել եք, այդ ընթացքում պահպանել եք կուսությունը: Կամ ինչպես ձեր հայտնի ընկերն էր ասում և հաճույք եք ստացել և պահպանել կուսությունը: Բայց սար ու ձոր չընկնեմ և հարցնեմ,- 1992 թվականին, երբ անկախացումից ընդամենը երկու տարի էր անցել և ժողովուրդը անդագաղ թաղումներ էր անում, երբ մութ ու խավարի մեջ էր, վախից մթին գիշերներին ժողովուրդը քաղաքի պատերին քոռ Լևոն էր գրում, որն էր ձեր բիզնեսի ծաղկման միջավայրը: Չեք հիշու՞մ: Հիշեցնեմ: «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում դուք ունեիք 2400 սեղանիկներ, յուրաքանչյուրը մոտ մեկ քառակուսի մետր և յուրաքանչյուր մեկ մետրը վարձով էիք տվել մանր առևտրականներին, որի ամսական վարձը յուրաքանչյուր սեղանիկի համար կազմում էր 20 դոլար: Այսինքը դուք միայն այդտեղից ամսական մաքուր եկամտի տեսքով ստանում էիք մոտ հիսուն հազար ԱՄՆ դոլար: Այսինքն դուք անկախ Հայաստանի առաջին կոռուպացված անձն էիք: Հովանավորչությունը, պարոն Սուքիասյան, նույնպես կոռուպցիա է: Ո±վ էր ձեր քաղաքական պապան, դուք ինձնից լավ գիտեք: Հանճարեղ տնտեսագետը հասցրել էր սկզբնավորել վաուչերով երկրի ունեցվածքի վաչառքը: Եթե հիշում եք, մեկ վաուչերի գինն էր տասը հազար դրամ: Հետագայում, երբ ժողովրդի մոտ կեղծ վաուչերները հասել էին հարուստներին, մեկ կամ երկու օրվա հաց ունենալու համար ժողովուրդը այն վաճառում էր երկու կամ երեք հազարով, հրաման եղավ վերուստ և վաուչերի գինը դարձավ քսան հազար դրամ: Հարցնում եմ, որքան վաուչեր կաներ 50 հազար ԱՄՆ դոլարը: Դուք տնտեսագետ եք, ուստի թվաբանությունը թողնում եմ ձեզ: Արմեն Գևորգյանը և ոչ միայն նա, ենթադրաբար կաշառք է կերել, իսկ դուք և ձեր նմանները (ձեր նմաններից մի երկուսին կհիշատակեմ) օգտվել են վերևինների հովանավորչությունից և հարստացել են: Հարցնեմ, վաուչերով սեփականություն գնել եք, թե ոչ: Հիմա հիշեմ ձեր նմաններից մի երկուսին: Ով է Գագիկ Ջհանգիրյանը: Անկախության տարիների այլանդակ դատական համակարգի հիմնադիր կաշառակերը: Ասում են, նույնիսկ Լևոնն էր ապշել, երբ իմացել է նրա կողմից վերցված կաշառքի չափը: Տողերիս հեղինակին ուղղված առաջարկը,- երեսուն հազար դոլար և դատավոր: Պատասխանս լակոնիկ էր, – ես երեսուն դոլար անգամ չունեմ: Մի փաստ էլ նշեմ այդ կապակցությամբ, որ ասածս հիմնավոր լինի: Դուք անշուշտ ճանաչում եք նույնպես Սիլաչիում ապրող, այժմ հանգուցյալ Սուսաննա Գևորգյանին, որը իմ հորեղբոր աղջիկն էր: Ի տարբերություն ինձ, ակտիվ լևոնական էր և պակաս դեր չէր խաղացել 1996 թվականի ընտրություններում (Էրեբունու շրջխորհրդի գործկոմի քարտուղարն էր) ի օգուտ Լևոնի կեղծիքներ կատարելու, չնշանակվեց դատավոր, որովհետև չուներ անհրաժեշտ գումարը: Ասեմ, քանի որ Լևոնը կուրսի էր և պիտի արդարանային անհրաժեշտության դեպքում, նրան առաջարկել էին դատավորի պաշտոն հեռու մի շրջան, բնականաբար ինչից նա հրաժարվել էր: Գործկոմի նախագահ Ռաֆիկ Բաքոյանը, Լևոնին ասել էր, միակ մարդը, որ փող չտվեց և չնշանակվեց դատավոր, դա Սուսաննա Գևորգյանն էր: Բնականաբար այդ խոսքերը ինձ անձամբ ասել է Սուսաննա Գևորգյանը: Խոսքս ծավալուն չլինելու համար բավարարվեմ միայն մեկ օրինակով: Ձեր բարոյական ընտանիքի կերպարը ներկայացնեմ ձեզ: Իմ փեսան` Տիգրան Միրզոյանը ձեր եղբոր բանկում աշխատում էր որպես կառավարիչի տեղակալ: Նրա ունակությունների և մարդկային որակների մասին կարող եք հարցնել ձեր եղբորից և հույս ունեմ, որ նա ազնիվ կգտնվի ձեր նկատմամբ և չի խաբի: Ասեմ այն էլ, որ նա բացարձակ չի զբաղվել քաղաքականությամբ և սովորություն չունի չարաշահել որևէ մեկին: Ձեր եղբայրը չգիտեմ որտեղից իմացել էր, բայց ավելի լավ է բառացի բերեմ ձեր եղբոր խոսքերը,- Սոկրատ Հովսեփյանը քո աներն է, ինչին հետևել է այոն: Մյուս օրը նրան ազատել են աշխատանքից, իհարկե սեփական դիմումի համաձայն: Այն էլ ասեմ, որ անգամ այդքանից հետո նա երբևէ վատ չի արտահայտվել ձեր գերդաստանի նկատմամբ: Այն էլ ասեմ, որ ձեր քրոջ որդին սովորել է նրա որդու հետ նույն դասարանում: Դատողությունները թողնում եմ ձեզ, բայց ցանկանում եմ հարցնել, ինչպես իրավաբանորեն կգնահատեք ձեր եղբոր արարքը: Դուք քննադատում եք Վազգեն Սարգսյանին: Դա ձեր իրավունքն է: Բայց ասեմ, որ ատում եմ բոլոր նրանց, ովքեր գերեզման են ճիպոտահարում: Դուք դրանցից եք: Ես նրան կենդանության օրոք եմ քննադատել և շատ, բայց ամեն անգամ նշել եմ, որ ռուսական կողմնորոշման հարցում նրա սպորտսմեն ատքերն ավելի խելոք էին, քան պատմաբան, բանասեր Լևոն Տեր-Պետրոսյանի գլուխը: Պետրոսյանի հակառուսականությունը «վերացավ », երբ հրեա, ալկոհոլիկ Ելցինը դավաճանեց ԽՍՀՄ-ին և դարձավ դեմոկրատ: Այսինքն, արդեն երկուսով սկսեցին ծառայել արևմուտքի տերերին: Հավատացնում եմ, եթե այսօր Վազգենը լիներ, ոչ Նիկոլը կլիներ և ոչ խայտառակ պարտությունը և ոչ էլ այս խեղկատակ Ազգային ժողովը: Հանուն ճշմարտության ավելացնեմ, որ հիշողությունը չկորցրած մարդիկ լավ են հիշում 1996 թվականի Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին դնգստելու դեպքերը: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ երկրի նախագահն էր ռեալ պոլիտիկը: Երևի նա հաճույքով էր նայում իր հակառակորդների դնգստոցին, ինչպես այսօր Նիկոլը: Դուք քննադատում եք նաև ասելով, թե զինվորականն ինչ գործ ուներ խառնվելու քաղաքականությանը: Հարցնեմ, իսկ բիզնեսմենն ինչ գործ ունի խառնվելու քաղաքականությանը: Եթե չեմ սխալվում, այդ մասին Նիկոլը շատ է խոսել: Ճառ ասեմ, թե զանգ կախեմ,- հիշեցի ժողովրդական խոսքը:
Հիմա ռեալ պոլիտիկի մասին: Միայն մեկ անգամ է նա խելոք միտք ասել, 1990 թվականի Գերագույն խորհրդի նստաշրջանում քննարկվում էր Արցախի հարցը, հանգուցյալ Ոսկանյանը, ազնվագույն մի մարդ, որը հանիրավի վարկաբեկվեց և ծեծ կերավ ռեալ պոլիտիկի բևեռ կանանց կողմից ,ասաց, որ անհրաժեշտության դեպքում կդիմենք միջազգային ատյաններին: (Փոքր ինչ շեղվեմ և բնութագրական փաստ մեջբերեմ ազնվագույն մարդու` Ոսկանյանի մասին: Երբ տարիներ հետո Ոսկանյանին հարցրել էին, ես դա կարդացել եմ մամուլում, թե ինչու՞չեք հարգում Կարեն Դեմիրճյանին, պատասխանն ավելի քան դիպուկ էր,- ինչպես կարող եմ հարգել մեկին, որ կաթողիկոս է եղել և հետո ասում է, ես չեմ հավատում Աստծուն: Նկատի ուներ Կարեն Դեմիրճյանի այն խոսքերը, թե ես ինչ կոմունիստ եմ եղել: Ոսկանյանի խոսքերը ազնիվ մարդու խոսքեր էին, իսկ Դեմիրճյանինը … թող ընթերցողը բնութագրի): Լևոնը հակադարձեց ասելով, խնդրում եմ Ղարաբաղի հարցը չմիջազգայնացնել: Մտածեցի, որ քաղաքական ասպարեզ է գալիս մի մարդ, որը հայոց հարցի լուծման բանալին փնտրում է հայ ժողովրդի ուժի մեջ, որը և ճիշտ էր: Բայց, ավաղ: Այդ նույն ժամանակ էր, երբ ելույթի ժամանակ նա ձեռքը խփում էր ամբիոնին` ասելով,- ես ձեզ հավատացնում եմ, որ ռուսները պիտի վաղ թե ուշ հեռանան Անդրկովկասից: Հայաստանում ծայր էր առնում հակառուսականությունը: Հայկական բնակավայրերը Ադրբեջանում արագ հայաթափվում էին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն արդեն իշխանություն էր, մատը մատին չէր խփում, որևէ միջազգային ատյաններ չէր դիմում, անգամ ԽՍՀՄ կառավարությանը չէր դիմում: Նա խաբելով ժողովրդին, հասել էր իր երանելի աթոռին: Նա, ինչպես այսօր Նիկոլը, ոչ միայն որևէ քայլ չէր ձեռնարկում Ղարաբաղի հայաթափումը կանխելու համար, ավելին, դարձյալ Գերագույն խորհրդի նստաշրջանի ժամանակ ցինիկաբար ասում է,- բա մենք կարող ենք կռվել յոթ միլիոնանոց Ադրբեջանի դեմ: Ու ոչ միայն կռվեցինք, այլև ի դժբախտություն Լևոնի` հաղթեցինք: Վազգեն Սարգսյանի խելահեղ հայացքից Լևոնը չարանում էր, ինչպես չարացավ 1998 թվականին: Հիմա փոքր ինչ առաջ անցնեմ և ասեմ Նիկոլին, որ 1991 թվականին ՀՀ կառավարությունը մեկ միլիարդ ռուբլի փող հատկացրեց Տաթև-Ղափան ճանապարհի շինարարության համար: Շինարարության հսկողությունը դրված էր Սուրեն Աբրահամյանի վրա: Երբ 1992 թվականին մենք հաղթեցինք և Գորիս-Ղափան ճանապարհը բացվեց Շուռնուխով, թե ինչ եղավ մեկ միլիարդ ռուբլին և ինչու չկառուցվեց ներքին անվտանգ ճանապարհը, թող պատասխանի Լևոնը և Սուրեն Աբրահամյանը: Ասեմ պարոն Սուքիասյան, որ այդ ժամանակ ոչ Ռոբերտ կար և ոչ էլ Սերժ: Բերեմ ևս մեկ օրինակ Լևոնի որպես կույս նախագահի կառավարման տարիներից: Տնտեսագետ եք, պարոն Սուքիասյան և պիտի որ լավ իմանաք, բայց ավելի լավ է օրինակ բերեմ, որպեսզի ամեն ինչ պարզ լինի: Հայաստանը տալիս էր ԽՍՀՄ ռազմարդյունաբերական կոմպլեքսի 12 %-ը: Էլ չմեկնեմ, թե որքան միլիարդ դոլար այն կկազմի: Եվ ինչ եղավ այդ հզոր արդյունաբերության հետ: Մոտ հազար միջին մանր և խոշոր արդյունաբերական հսկաներ: Եվ Լևոնն ասաց, թե խորհրդային արդյունաբերական արտադրանքը մրցունակ չէր համաշխարհային շուկայում: Հասկացանք: Մարդ կարող է մտքով կույր լինել (հակառակն ասելու դեպքում Լևոնը կարող է վիրավորվել), բայց աչքով էլ: Եղբորդ հինգ հարյուրը թալանեիր և լափեիր, չորս հարյուր ծախեիր և հարյուր միջին, մանր և մի երկու արդյունաբերական հսկաներ պահեիր: Բագրատյանն ասում էր էլեկտրալամպերը, որ արտադրվում են Հայաստանում, դրանք ավելի շատ ջերմություն են տալիս, քան լույս: Երկիրը վաուչերներով մսղած երբեմնի գանգրահեր տղան, որը կովը եզից չէր տարբերում, հիշում եք չէ, նրա հայտնի խոսքը, որձ կովերով դաշտերը հերկենք, հանձնարարություն էր ստացել Լևոնից ավերել ԽՍՍՀ արդյունաբերությունը: Կաուչուկի գործարանը մրցունակ չէր, այն կարելի էր ապամոնտաժել և ներդրում անել Չինաստանում: Հրազդան Մաշը անպետքություն էր, կարելի էր այնտեղ գտնվող 11 հատ յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլար արժեքով հոսքագծերը ապամոնտաժել և ծախել Պարսկաստանին: Եվ ով էր գործի գլուխը, ոչ այլ ոք, Անտեր Լևոնի հարազատ եղբայր Թելման Պետրոսյանը: Եվս մեկ օրինակ և երկրի թալանի թեման Լևոնի մասով կփակեմ: Խորհրդային միությունում կար գերնորմատիվային մնացորդներ հասկացությունը: Եթե տնտեսագետ եք, դա կհասկանաք, բայց ասեմ, եթե պետականորեն այն նախատեսված էր վեց ամսվա պաշարով, հավատացեք, հայերիս բնավորությունից ելնելով մեզ մոտ այդ թիվը համարյա մեկուկես անգամ շատ էր: Եվ ինչ եղավ այդ բոլորը: Էլի թվարկեմ, թե բավական է: Կասեք պատերազմ, զենք և այլն: Ասեմ, որ Վազգեն Սարգսյանի շնորհիվ, որը հիանալի բարեկամություն էր անում Գրաչովի հետ, Հայաստանն անհատույց ստացել է մեկ միլիարդ դոլարի զենք Ռուսաստանից: Նաիրյան քթիդ դրած ակնոցի տակից ասում ես, թե Ռոբի, Սերժի օրոք Հայաստանից արտագաղթել են 500 հազար հայ: Չեմ առարկում: Բայց հիշեցնեմ քեզ Սիլաչիի հարևանիդ, Գերագույն խորհրդի նախագահ Արա Սահակյանի խոսքերը` մեզ 100 հազարանոց Հայաստանն էլ է ձեռ տալիս: Լևոնը, չէ, Անտեր ավելի է սազում, այնքան տհաս ու տգետ էր և զուրկ պետական մտածողությունից, որ ազատագրված տարածքները չբնակեցրեց Ադրբեջանից բռնագաղթած մոտ 400 հազար հայերով և նրանց ցույց տվեց օտարի ճամփան: Այսօր ոմանք, ինչպես և դուք իմաստուն եք դարձնում Անտերին, ասելով, թե նա 90-ականներին էր դեռ ասել, որ աշխարհը չի ընդունում պետական սահմանների վերաձևումը: Այդ ո՞ր աշխարհը, պարոն Գռզո: Աշխարհի առաջ չէր, որ վերացավ քսան միլիոնանոց ԳԴՀ պետությունը: Աշխարհի առջև չէր, որ մասնատվեց Հարավսլավիան և բուն Սերբիան: Ինչով էր Կոսովո երկրամասը, այն էլ բուն սերբիական հողերը տարբերվում բուն հայկական հողերից: Աշխարհը թքած ունի անտերների վրա, որովհետև այդ անտերներն են էն գլխից թքել իրենց երկրի վրա: Ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն հանցագործությունն այն է, որ նա իրավական գնահատական չտվեց Անտերի նախագահական ութ տարիների գործունեությանը, քանզի ինքն էլ պիտի գնար նրա հետքերով: Նույնը և Սերժ Սարգսյանը: Պատերազմը ցույց տվեց, որ որքան էլ թույլ էինք մենք, մինչդեռ դա այդպես չէր, թշնամին չկարողացավ բլիցկրիգով վերցնել այն: Մեր պարտության բուն պատճառը դավաճանությունն է: Այսօր խոսում են Նիկոլի հողերը ծախելու մասին: Չեմ զարմանում: Նիկոլը հասավ Հայաստանի թալանի սեղանին այն ժամանակ, երբ Անտերը, Ռոբը, Սերժն արդեն ամեն ինչ ծախել էին: Նիկոլն էլ մտածեց, իսկ ավելին կգնամ և միանգամից կառնեմ ավելի շատ, քան Լֆիկի տված քաղցրաջուրը կամ Հովիկ Աբրահամյանի աճեցրած լոլիկի հյութը: Հիշում եք, չէ, որ պատգամավոր Նիկոլը համարյա միշտ խոսում էր Լֆիկի շաքարի գործարանի չգոյությունից, կեղծ ներդրումներից և պատեհ առիթը բաց չէր թողնում Աբրահամյանին հարցնելու, թե էդ առանձնատունն ինչ միջոցներով ես կառուցել, նա էլ իրեն հատուկ ցինիզմով` թե լոլիկ վաճառելով: հենց Նիկոլը դարձավ վարչապետ, Լֆիկը ազատ շունչ քաշեց, հավանաբար միանվագ ստացած շաքարաջուրը բավարարել էր Նիկոլին, իսկ երբ Հովիկ Աբրահամյանի եղբոր տարածքից հանեցին հսկայական զենքեր … և ի՞նչ: Հավանաբար խելացի Հովիկ Աբրահամյանն իսկույն լոլիկով փակեց նիկոելի լաբառոշ բերանը: Գռզո, եթե հասարակ մի հայ մարդու տնից հանեին մի ատրճանակ, ապա անազատության որքան տարիներ կվաստակեր այդ մարդը: իսկ Հովիկ Աբրահամյանն ընդամենը մեկ կարմիր լոլիկով փակեց Նիկոլի բերանը: Իրոք, Նիկոլը, պարոն Գռզո, սուրբ և ազնիվ մարդ է: Մեկ-մեկ թռիչք եմ կատարում հետ ու առաջ ընկնելով, բայց և ասեմ, որ եթե երեք նախագահներն իրենց տեղում լինեին, ունենային պետական մտածողությունը և … ավելի լավ է հիշեմ մի թուրք դիվանագետի խոսքերը,- ուր մտնում է մեհմեդիկը սրով, դուրս չի գալիս գրչով: Էդ ով է Թուրքիային քշել Կիպրոսից: Ալիևը խոսում է ադրբեջանցուն չպատկանած հողերի մասին, իսկ Անտերն ու Նիկոլը, հա Սերժին չմոռանամ, Աղդամը մեր հայրենիքը չէ, մեր ազատագրած հողերը հիմար, անգրագետավարի ասում են մերը չի, պետք է տանք: Ասեմ, որ ոչ Անտերը և ոչ էլ Նիկոլը տհաս, անգրագետներ չեն, պարզապես օտար ուժերի պրոյեկտ են մեր ազգի մեջ: Եթե մենք, այսինքն հայոց ղեկավարությունը` սկսած Անտերից, Ռոբով, Սերժով, վերջացրած Նիկոլով, չլինեինք թալանչի, Հայաստանը կլիներ հզոր և մրցունակ երկիր: Դու Լևոնի բալեն էիր, Ռոբի բալեն էր Ծառուկյանը, Լֆիկն ու Չոռնին, Մհերն ու Նեմեցը Սերժի և արդյունքում՝ Նիկոլ և ավերվող երկիր: Մեր ազգի մեծագույն դժբախտությունն է, որ չունի մտավորական էլիտա: Մերուժան Տեր-Գուլանյան , Տիգրան Մանսուրյան, Խորեն Աբրահամյան … որոնց տաղանդի մասին ոչ ոք չի կարող որևէ խոսք ասել, բայց հիշեմ հանգուցյալ Խորիկին, երբ հարցրել էր լրագրողը դեռևս չընդունված Սահմանադրության մասին, ասել էր չեմ կարդացել, բայց ասում են փառահեղ բան է: Եվ այդ փառահեղ բանը չընդունեց ժողովուրդը, բայց Անտերն այն կլացրեց ժողովրդի վրա: Հետո Ռոբն իր հոգով այն ձևեց, իր մտավորականներ Ալվարդով, Աղվանով, հետո Սերժը այն իր հոգով, շուշան Պետրոսյանի անուշ ձայնով: Իսկ այսօր Նիկոլն իր հանցավոր խմբով ասում է ես Քրիստոս եմ և նախիրը ծափահարում է: Դա ցավ չէ: Ցավն այն է, որ ոստիկանապետ, դատախազ, ԱԱԾ և այլ իրավական կառույցներ կարծում են հայրենիքը ճոխ արոտավայր է, որտեղ կուզեն պիտի օրոճան:
Պարոն Գռզո, «Հայի իմ տեսակը » գրքիս նախաբանում մի ցանկություն եմ գրել,- գիրքս սիրով նվիրում եմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և գալիք բոլոր դատախազներին, որ ժողովրդին հեռու պահեն պրոֆեսիոնալ սրիկաներից: Ավաղ, չարաչար սխալվել եմ: Այդ երեք տարում պրոֆեսիոնալ սրիկաների պակաս իրավապահ ոլորտում չի զգացվում:
Հ.Գ.
Պատերազմից հետո Անտերը իր հարցազրույցում ասաց, որ այս պատերազմի մեղավորները ոչ մի թիզականներն են: Ասեմ, որ այդ ոչ մի թիզը վերջին հաշվով ժողովուրդն էր, որը հավատաց իր ստոր կառավարողներին և բարձրացավ խաչի : Այն խոսքը, թե պատմությունը չի ների ստոր կոռուպցիոներներին, թալանչիներին, դավաճաններին, պարզապես սրտի մխիթարանք է: Ով է այսօր հիշում և դատապարտում Պետրոս Գետադարձին, Վեստ Սարգսին և անթիվ, անթիվ հայ դավաճաններին, որոնք հանուն երեսուն արծաթի ծախել են հայրենիքը:Խաչատուր Սուքիասյան, դու էլ ես այսօր հանուն երեսուն արծաթի չտեսնելու տալիս հայրենիքիդ առք ու վաճառքը: Դա կարևորը չէ: Կարևորը դու չորս եղբայրներով հորդ հետ միասին օր ու գիշեր տքնել եք և հարստացել, իսկ Արմեն Գևորգյանը կաշառք է կերել: Եվ ոչ միայն նա: Շարունակիր ծախել հոգիդ և հավատացած եղիր, որ ոչ դու ես երջանիկ, ոչ Արմեն Գևորգյանը, ոչ Անտերը, ոչ Քոչարյանը, ոչ Սերժոն և ոչ էլ քո սուրբ ու ազնիվ Նիկոլը:Հանճարեղ Սոֆոկլեսն ասել է,- քանի դեռ քո առջև չի բացվել գերեզմանիդ փոսըև հանգիստ խղճով չես մտել գերեզման, մի մտածիր, թե դու երբևէ երջանիկ ես եղել: Մենք Իսրայել չեղանք: որովհետև Անտերը Բեն-Գուրիոն չէր և ոչ էլ Քոչարյանը կամ Սերժը Գոլդա Մեիր կամ Իսահակ Ռաբի, իսկ Նիկոլը` Նաթանհաու:Դու և քո նմանները հայրենիքին նվիրված ոչ թե ազնիվ բիզնեսմեններ են, այլ շարքային թալանչիներ: Դրա համար էլ էս է մեր երկրի վիճակը:
ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Երբ վերջացրել էի մտքերս, մեկը խնդրեց հարցնել քեզ, Աբովյան- Արամի խաչմերուկում գտնվող գրքի խանութը, որը ինչ-որ մարդիկ վառել էին, քանի հազար դրամով ես գնել: Եթե մոռացել ես, հիշեցնեմ, ընդամենը 60 հազար ՀՀ դրամով, այսինքը երեք վաուչերով: Ականջդ կանչի ազնվությունից բարբաջող Բագրատյան: Բավ է: Էլ պետք չէ շարունակել: Միայն ասեմ, հիշիր Աստվածաշնչյան խոսքերը, թող կնոջը և այլն:
Post Views: 130