Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվայի դիրքորոշումը, կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, արտացոլված է ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ։ Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարումը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եռանդուն գործողություններ են ձեռնարկում իրավիճակը լիցքաթափելու համար, մինչդեռ խաղաղապահները խստորեն գործում են երեք երկրների ղեկավարների վերոնշյալ հայտարարության դրույթների համաձայն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջոցով մենք մշտական կապի մեջ ենք Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչների հետ, եւ տեղում օպերատիվ իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է ՌԴ ՊՆ տեղեկագրերում։

Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար՝ հիմնվելով երեք երկրների ղեկավարների առկա պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի զատման ու գծման եւ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ։ Մենք ակտիվորեն կնպաստենք Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- նշել է նա։

Spread the love