Դիետայի և ֆիզիկական վարժությունների համադրությունը կարող է օգնել նվազեցնել նյութափոխանակային հիվանդությունների ռիսկը՝ օրգանների շուրջ կուտակվող վնասակար ճարպի քանակը նվազեցնելու հաշվին։ Ցույց է տվել նոր ուսումնասիրությունը։
Հայտնի է, որ առողջ ապրելակերպը օգնում է նիհարել, սակայն գիտնականներն ավելի ու ավելի են խոսում այն մասին, որ մարդու առողջությունը կախված է նրանից, թե որտեղ է պահվում մարմնի ճարպը, փոխանցում է Euronews-ը։
Օրինակ՝ ենթամաշկային ճարպը այն ճարպն է, որը կարելի է զգալ մաշկի տակ։ Սակայն ավելի վտանգավոր է համարվում ընդերային ճարպը կամ սպիտակ ճարպային հյուսվածքը՝ որովայնի օրգանների շուրջը գտնվող խիտ, թաքնված ճարպը։ Այն կապված է սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկի բարձրացման հետ։
«Երբ մարդիկ խոսում են մարմնի զանգվածի փոփոխության մասին, նրանք հաճախ նկատի ունեն կշեռքի վրա առկա մեկ թիվը։ Բայց քաշի կորստի կամ ավելացման բոլոր դեպքերը նույնը չեն»,- ասում է դոկտոր Շայան Արյաննեժադը՝ հետազոտության հեղինակներից մեկը և Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող։
«Մենք պարզել ենք, որ ճիշտ սննդակարգը ավելի մեծ ֆիզիկական ակտիվության հետ համատեղելը արդյունավետ միջոց է բարելավելու ոչ միայն քաշը, այլև այն, թե որքան և որտեղ է ճարպ կուտակվում օրգանիզմում»,- հավելել է նա։
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում, գիտնականները միջինում յոթ տարի շարունակ դիտարկել են Մեծ Բրիտանիայի ավելի քան 7200 միջին տարիքի չափահասների։
Նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր սնվում են ավելի առողջարար կերակուրներով կամ ավելի շատ են մարզվում, ավելի դանդաղ են քաշ հավաքում (թե՛ ենթամաշկային, թե՛ վիսցերալ ճարպ), և նրանց մոտ ավելի ցածր էր լյարդի ճարպային հիվանդության զարգացման ռիսկը, քան այն մարդկանց մոտ, ովքեր չեն փոխել իրենց ապրելակերպը։ Այն մարդկանց վիճակը, ովքեր միաժամանակ մարզվում էին և ճիշտ սնվում, էլ ավելի լավ է եղել։
Միջինում, այն մարդիկ, ովքեր ճիշտ են սնվել և մարզվել են՝ հավաքել են 1.9 կիլոգրամով պակաս ընդհանուր մարմնի ճարպ և 150 գրամով պակաս վիսցերալ ճարպ, քան ավելի քիչ առողջ ապրելակերպ վարող մարդիկ, ինչը համապատասխանում է մարմնի ընդհանուր ճարպի մոտ 7 տոկոսին և վիսցերալ ճարպի 16 տոկոսին։
Դիետայի և ֆիզիկական վարժությունների ու վիսցերալ ճարպի միջև կապը նշանակալի է մնացել այն բանից հետո, երբ հետազոտողները հաշվի են առել մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)՝ ճարպակալման ընդհանուր ցուցանիշը։ Նրանց խոսքով՝ սա ցույց է տալիս, որ վիսցերալ ճարպը հեռանում է առաջինը, երբ մարդիկ սկսում են ավելի առողջ ապրելակերպ վարել։
Դոկտոր Նիտա Ֆորոուհին՝ հետազոտության համահեղինակներից և Քեմբրիջի համալսարանի բնակչության առողջության և սնուցման ամբիոնի պրոֆեսորը, ասում է, որ ստացված տվյալները վկայում են այն մասին, որ միջին տարիքում սննդակարգի և ֆիզիկական վարժությունների բարելավումը կարող է ոչ միայն օգնել նիհարել, այլև նվազեցնել նյութափոխանակային հիվանդությունների ռիսկը և նպաստել ավելի առողջ ծերացմանը։
«Չնայած անառողջ սննդակարգին և անգործությանը նպաստող պայմաններում ապրելու հետ կապված դժվարություններին, փոքր, կայուն փոփոխությունները, որոնք հանգեցնում են ինչպես ավելի առողջ սննդակարգի, այնպես էլ էներգիայի ծախսի ավելացման, օգտակար են»,- ասել է Ֆորոուհին։
