Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն

Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ
գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի
կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ: ՀՀ պատվիրակությունը գլխավորել է
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ
Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝
ուղղված Ասիայի մշակութային ժառանգության պահպանության քայլերին: Հարություն Վանյանի խոսքով՝
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր,
պատրաստակամ է զարգացնելու հայ-չինական համագործակցությունը մշակութային ժառանգության
պահպանության ոլորտում: Առանձնակի շեշտվել է միջազգային կազմակերպությունների դերը
հակամարտությունների հետևանքով մշակութային ժառանգությանը հասցվող վնասի կանխարգելման գործում:
Նիստերի ընթացքում ընտրվել է խորհրդի գլխավոր քարտուղարը, կայացել են նաև խորհրդի կազմի
ընտրությունները, որտեղ, ի թիվս այլ երկրների, Հայաստանի Հանրապետությունը վերընտրվել է: Հայտարարվել
են նաև Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հայտարարած դրամաշնորհի արդյունքները. Հայաստանի
Հանրապետությունը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական
դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում և պահպանում»
ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության
ինստիտուտը:

Spread the love