Միջազգային հետազոտողների խումբը ներկայացրել է հորմոն-կախյալ կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլի (HR-դրական, HER2-բացասական) բուժման համար նախատեսված Giredestrant նոր հորմոնալ դեղամիջոցի լայնածավալ կլինիկական փորձարկման արդյունքները: The New England Journal of Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունն արդեն իսկ համարվել է այս ոլորտի ամենակարևոր առաջընթացներից մեկը տասնամյակների ընթացքում:
Հետազոտությանը մասնակցել են 4170 բուժառուներ, որոնք ենթարկվել են վիրահատության և, անհրաժեշտության դեպքում, քիմիաթերապիայի: Այնուհետև նրանց նշանակվել է կամ Giredestrant, կամ չորս ստանդարտ հորմոնալ թերապիաներից մեկը, ներառյալ տամոքսիֆենը և արոմատազի ինհիբիտորները: Բուժումը տևել է շուրջ հինգ տարի, իսկ վերլուծության պահին հետազոտության ժամանակահատվածը կազմել է 32,3 ամիս:
Արդյունքները տպավորիչ էին. Giredestrant ընդունող բուժառուների շրջանում նդական ռեժիմների համեմատ հիվանդության կրկնության վտանգը նվազել է մոտ 30%-ով: Նոր դեղամիջոցը ունեցել է նաև հեռավոր մետաստազների ավելի ցածր հաճախականություն: Կողմնակի ազդեցությունների պրոֆիլը նման էր ստանդարտ թերապիային. ամենատարածվածներն էին չափավոր հոդերի ցավը, ջերմության հորդացումներն ու գլխացավերը: Անբարենպաստ ռեակցիաների պատճառով բուժումը դադարեցնելու հարկադրված բուժառուների թիվը նույնիսկ ավելի ցածր էր, քան վերահսկիչ խմբում։
Հետազոտողներն ընդգծում են, որ այս տվյալները կարող են նշանավորել օժանդակ հորմոնալ թերապիայի նոր դարաշրջանի սկիզբը: Քանի որ կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ 70%-ը հորմոնակախյալ են, ավելի արդյունավետ և պոտենցիալ ավելի հարմարավետ դեղամիջոցի մշակումը կարող է զգալիորեն նվազեցնել հիվանդության կրկնության մակարդակը և բարելավել երկարաժամկետ կանխատեսումը։
Եթե ներկայիս արդյունքները հաստատվեն հետագա ուսումնասիրություններում, Giredestrant-ը կարող է դառնալ բուժման նոր ստանդարտ՝ փոխարինելով ավելի քան քսան տարի օգտագործվող ռեժիմներին։
