Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կհետապնդի իր նպատակները ռազմական ճանապարհով, եթե ուկրաինական կողմը հրաժարվի բովանդակալից բանակցություններից: Ըստ «Коммерсантъ»-ի՝ Պուտինը նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը սկզբում առաջնահերթություն է տվել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը և դրա պատճառների վերացմանը՝ երկխոսության միջոցով: Սակայն, եթե Ուկրաինան և նրա միջազգային դաշնակիցները հրաժարվեն բանակցություններից, Ռուսաստանը մտադիր է «ապահովել այն տարածքների ազատագրումը, որոնք համարում է իր պատմական հողերը՝ ռազմական միջոցներով»,- նշել է ՌԴ առաջնորդը:
Առանցքային խնդիրների շարքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է անվտանգության բուֆերային գոտու ստեղծումը և ընդլայնումը, որը ռուսական բանակը կիրականացնի փուլ առ փուլ:
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները վերսկսվել են 2025 թվականի մայիսին՝ երեք տարվա ընդմիջումից հետո: Մինչ օրս տեղի են ունեցել քննարկումների երեք փուլ՝ մայիսի 16-ին, հունիսի 2-ին և հուլիսի 23-ին: Կողմերը քննարկում են կարգավորման զանազան տարբերակներ՝ հիմնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղության ծրագրի վրա:
