Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան 85-
ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի
տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ:
«Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր
թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր
ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝
մաղթելով առողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:
Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և արժևորման համար՝ նշելով. «Երգելու
եռանդը դեռ ապրում է իմ մեջ, բայց եթե անգամ որոշեմ այլևս չերգել, 900-ից ավելի երգ է ձայնագրվել,
որից 700-ը թվայնացված է. դրանք կապրեն ինձանից հետո»:
Այցի շրջանակում մաեստրոն պատմել է տարբեր տարիների ստեղծագործական ճանապարհի, կենսագրության
հետաքրքիր դրվագների և նոր ծրագրերի մասին:
Քննարկվել են նաև հոբելյանական տարվա շրջանակում Ռուբեն Մաթևոսյանի 85-ամյակը տոնելու
հնարավոր միջոցառումները:
