«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված: Թագուհի Ղազարյանի խոսքով նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցոնալ մեխանիզմները:
««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:
Հարցուպատասխանի ձեւաչափում բոլոր եկեղեցիներին եւ եկեղեցիներում պահպանվող իրերին հատուկ նշանակություն ու կարգավիճակ տալու եւ այդկերպ պաշտպանելու առաջարկ է հնչել: Թագուհի Ղազարյանի գնահատմամբ անկախ կրոնական համոզմունքներից՝ հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով: «Մենք պնդում ենք, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող բոլոր եկեղեցիները պետք է շարունակեն պատկանել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- նշել է զեկուցողը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ջուլիետա Ազարյանը:
Կառավարությունը սկզբունքային դիտարկումներ եւ առաջարկներ չունի: Այդ մասին բարձրաձայնել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, նշել՝ Կառավարությունն առաջնորդվել է այն դիրքորոշմամբ, որ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո պետք է լինի:
