Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին

 

Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր,
պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT)  խորագրի ներքո: Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և
քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen)
նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան):
Նախագիծն ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025 թվականի հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում:
Մալթայի արվեստի 2-րդ բիենալեին ներկայացվող նախագիծը քանդակային և ձայնային ինստալյացիա է, որը հանդիսատեսին
հրավիրում է խորհրդածական վիրտուալ ճանապարհորդության՝ բացահայտելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի
հարաբերակցությունը:
Նախագծի հեղինակը՝ արվեստագետ Ռաֆֆի Ետալյանը, Հայաստանի նկարիչների, ինչպես նաև Լիբանանի նկարիչների և
քանդակագործների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները ներառում են հուշարձաններ, ինստալյացիաներ և
հանրային արվեստի նախագծեր: 2019 թվականին Ֆլորենցիայի XII բիենալեում Ռաֆֆի Ետալյանն արժանացել է «Lorenzo il
Magnifico» ոսկե մեդալի՝ «Reflection of an Enigmatic Mind» ստեղծագործության համար: 2015 թվականին Վատիկանի
ֆիլատելիստական և դրամագիտական գրասենյակը վերարտադրել է Ետալյանի «Սուրբ Իգնատիոս Մալոյան» կտավը, որին
նվիրված նաև նամականիշ է թողարկվել: Ետալյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Արաբական երկրներում,
Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արվեստագետի  որոշ ստեղծագործություններ ներառված են աշխարհի տարբեր երկրների թանգարանների
մշտական ցուցադրություններում և մասնավոր հավաքածուներում։
Մալթայի բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողը «Triangle of Collaboration» (ToC) մշակութային
կազմակերպության համահիմնադիր և ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) անդամ, արվեստաբան Սոնա
Հովհաննիսյանն է։ Նրա գործունեության հիմքում հետազոտական և միջոլորտային մոտեցումներն են, որոնք ընդգրկում են
ժամանակակից արվեստի, ճարտարապետության և տարածքային մշակույթի ուղղությունները։ Սոնա Հովհաննիսյանը որպես
համադրող և մասնակից հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, ինչպես
նաև տարբեր միջազգային հարթակներում կազմակերպված ցուցահանդեսներում, հետազոտական ծրագրերում և բիենալեներում։
Նրա համադրողական գործունեության շնորհիվ արվեստի գործերը ներկայացվում և դիրքավորվում են միջազգային մակարդակում։
Այս տարի Մալթայի արվեստի 2-րդ բիենալեում ներկայացվելու է 47 նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկրներից
ստացված ավելի քան 3200 դիմումներից։ Միջոցառման մասշտաբն ընդգծվում է ազգային և թեմատիկ 29 տաղավարներով՝
բիենալեն դիրքավորելով որպես տարածաշրջանի խոշոր միջազգային մշակութային իրադարձություն։
Նշենք նաև, որ Մալթայի արվեստի 2-րդ բիենալեի Հայաստանյան տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության
ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։
Մալթայի բիենալեին Հայաստանը մասնակցելու է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

 

Spread the love