Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) զեկույցի համաձայն՝ 2025թ․ վերջին ոսկու համաշխարհային պահանջարկը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 5 000 տոննան։
Զեկույցի համաձայն՝ ընդհանուր պահանջարկը հասել է 555 միլիարդ դոլարի, ինչը 45 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Դրամական առումով զգալի աճը պայմանավորված է գների ռեկորդային դինամիկայով։ Տարվա ընթացքում ոսկու գները 53 անգամ հասել են բոլոր ժամանակների նոր ամենաբարձր մակարդակին։
Հատկապես ակտիվ էին մանրածախ ներդրողները։ Ձուլակտորների եւ մետաղադրամների ներդրումները տարվա վերջին հասել են ռեկորդային 154 միլիարդ դոլարի (ամենաբարձրը 2013 թվականից ի վեր), որի կեսից ավելին բաժին է ընկել Հնդկաստանին եւ Չինաստանին։
Կենտրոնական բանկերի պահանջարկը 2025թ․ մնացել է բարձր՝ կազմելով 863 տոննա։ Զարդերի հատվածում սպառողական պահանջարկը, ինչպես եւ սպասվում էր, նվազել է գների կայուն աճի պայմաններում։ Այնուամենայնիվ, դրամական առումով, զարդերի համաշխարհային շուկան աճել է 18 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 172 միլիարդ դոլարի։
Ոսկու վերամշակման ծավալը 2025թ․ աճել է 2 տոկոսով՝ հասնելով 1 404 տոննայի։ Սա 2012 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, նշել են WGC-ում։
