Հայաստանը հաջողությամբ ներկայացել է Wine Paris 2026 միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցել և հաջողությամբ ներկայացել է Wine Paris միջազգային
ցուցահանդեսին՝ գինու և ոգելից խմիչքների ոլորտի ամենաազդեցիկ համաշխարհային միջոցառումներից մեկին։
Ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզում՝ Paris Expo Porte de Versailles ցուցահանդեսային
կենտրոնում, փետրվարի 9-11-ը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանական միջազգային
համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն ազգային
միասնական տաղավարով ներկայացրել են հայկական գինեգործական մշակույթը միջազգային հարթակում, որին
մասնակցել են բազմաթիվ արտադրողներ, ներմուծողներ, սոմելյեներ, գնորդներ և ոլորտի առաջատարներ
աշխարհի տարբեր երկրներից։
«Wine Paris 2026-ին մասնակցությունը կարևոր հարթակ էր Հայաստանի համար՝ ամրապնդելու իր դիրքը
համաշխարհային գինեգործական համայնքում։ Հայկական գինին պատմության մի մասն է՝ դարեր առաջ խմորված,
տոնված։ Այսօր այդ ժառանգությունը վերածնվում է ժամանակակից գինիներում, որոնք կրում են հնագույն բնույթ
և ժամանակակից շունչ։ Հատկանշական է նաև այն, որ գինեգործությունը երկրի տնտեսության համար դարձել է  կարևոր ուղղություն, ինչի զարգացմանն ուղղված քայլերից մեկն էլ միջազգային հարթակներում ներկայանալն է», – նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Ցուցահանդես է այցելել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ծանոթացել ներկայացված
արտադրատեսակներին։

Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հայկական արտադրանք
ֆրանսիական շուկա արտահանելու հնարավորություններին առնչվող հարցեր։
Միջոցառման շրջանակում ընդգծվել է նաև, որ Հայաստանն այս տարի կհյուրընկալի Concours Mondial de
Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթը՝ գինու մասնագետներին առաջարկելով յուրահատուկ
ճանապարհորդություն գինեգործության ակունքներից մինչև բարձրակարգ գինու ապագան։

Spread the love