Ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ փետրվարի 13-15-ը հավաքվել են Մյունխենում՝ Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովին, և շատերը կոշտ ուղերձներ են հղել միմյանց, ասված է Bild-ի վերլուծության մեջ։
ԱՄՆ-ի ուղերձը Եվրոպային. Գործընկերությո՞ւն։ Այո՛, սակայն Թրամփի կանոններով
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ելույթում ավելի մեղմ տոն է ընդունել, քան փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի նախորդ տարվա ելույթը։ Սակայն ուղերձը նույնն էր. ԱՄՆ-ը կարծում է, որ Արևմուտքը սխալ ճանապարհի վրա է։ Մասնավորապես՝ ազատ առևտրի, զանգվածային միգրացիայի և կլիմայական քաղաքականության հարցերում։ Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը «կրկին կձեռնարկի նորացման և վերականգնման խնդիրը»՝ անհրաժեշտության դեպքում միայնակ, «սակայն ավելի լավ է՝ միասին»։ Դա հստակ ազդանշան է Եվրոպային. ամերիկա-եվրոպական դաշինք՝ այո՛, խնդրեմ, սակայն Թրամփի կանոններով։ Իսկ նրանք, ինչպես գիտենք, անկայուն են և հաճախ անկանխատեսելի։
Ռուբիոյի ելույթը դիմավորեցին երկարատև ծափահարություններով (անցյալ տարի Վենսը բեմից հեռացավ հանդիսատեսի ապշած հայացքների ներքո): Չնայած ծափահարություններին, ելույթի քաղաքական գնահատականները զուսպ էին: Օրինակ՝ Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբայլը շեշտեց, որ Եվրոպան պետք է շարունակի մեծացնել իր հզորությունը: Պարզ ասած՝ ի հեճուկս Միացյալ Նահանգների բարեկամական խոսքերին, Եվրոպան ցանկանում է վերջ դնել ամերիկացիներից իր կախվածությանը:
Եվրոպայի ուղերձը ԱՄՆ-ին. մենք Թրամփի նվագի տակ չենք պարելու
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր ելույթում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում աներկիմաստ կերպով շեշտը դրեց Եվրոպայի ուժի վրա: «Ոչ ոք մեզ չի ստիպել չափազանց կախված դառնալ Միացյալ Նահանգներից,- մարտական տոնով հայտարարեց Մերցը՝ Եվրոպային ինքնիշխանության կոչ անելով: -Սակայն մենք հիմա այս իրավիճակը թողնում ենք անցյալում՝ ավելի լավ է այսօր, քան՝ վաղը»:
Ընդհանուր առմամբ, Եվրոպան վստահություն ցուցաբերեց: Իր ելույթում ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը շեշտեց. «Մենք՝ եվրոպացիներս, գիտենք, թե ովքեր ենք և ինչի համար ենք պայքարում»: Միևնույն ժամանակ, հասկացվեց, որ Եվրոպան երկար ժամանակ չի կարողանա գործել առանց Միացյալ Նահանգներին հաշվի առնելու: Սակայն նպատակը հստակ է՝ գործընկերություն՝ հավասար պայմաններով։ Դա արձագանք է գտնում որոշ ամերիկացիների շրջանում։ «Կարծում եմ՝ Եվրոպան երկար ժամանակ ավելի միասնական չի զգացել, քան այսօր», – հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետ և Թրամփի երդվյալ թշնամի Գևին Նյուսոմը, որը ևս մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։
Ուղերձ Պուտինին և Թրամփին. առանց Եվրոպայի ոչ մի «գործարք»
Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ևս հստակ ուղերձ է հղվել. եվրոպացիները միասին են և նրանց շրջանցելն անհնար է։ Այսպես, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Ռուբիոյի ելույթից հետո հայտարարել է, որ եվրոպական անվտանգության հարցերով ԱՄՆ միակողմանի գործողություններն անընդունելի են, ներառյալ՝ Ուկրաինայի համար խաղաղության բանակցությունները առանց եվրոպացիների։ Պիստորիուսը Վաշինգտոնին հստակ կոչ է արել. «Եվրոպացի դաշնակիցներին մայրցամաքում անվտանգության համար կարևորագույն բանակցություններից բացառելը վնասում է մեր դաշինքին և ամրապնդում մեր հակառակորդներին»։
Այլ կերպ ասած՝ ոչ մի խաղաղության ծրագիր՝ առանց ուկրաինացիների և եվրոպացիների
Զելենսկու ուղերձը՝ մեզ փորձանքի մեջ մի թողեք
Թեման, որը, չնայած ամենուրեք է, կորցրել է իր հանդեպ որոշակի ուշադրությունը, Ուկրաինայում պատերազմն է։ Իր ելույթում նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշնակիցներին շնորհակալություն հայտնեց օգնության համար և կոչ արեց շարունակել աջակցությունը իր երկրին, մասնավորապես՝ մինչև 2027 թվականը ԵՄ անդամակցությանը և գերմանական Taurus հրթիռների մատակարարմանը։
Սակայն տողատակերում հստակ ասվում է. նրա պայքարը եվրոպական աջակցության համար ավելի դժվար է դարձել։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Politico-ին տված հարցազրույցում Զելենսկիին հարցրել են՝ արդյոք նա դեռևս կանոնավոր կապ է պահպանում ԱՄՆ կառավարության հետ։ Նրա պատասխանն էր. ուղիղ հեռախոսահամարներ ունենալը լավ բան է։ Այլ կերպ ասած՝ նա ստիպված է մշտապես օգնություն խնդրել։ Զելենսկիի ուղերձը Արևմուտքին. մեզ փորձանքի մեջ մի թողեք։
