Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան գյուղում շուրջ չորս ամիս է՝ ջրի խողովակի վնասման հետեւանքով խմելու ջուրն աղտոտված է։
NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ խնդիրն առաջացել է հունվարին, ձմռանն այն հաճախակի բնույթ է կրում։
«Խողովակը պայթել է, մոտ 22 տեղ վնասված է։ Մեր ջրագիծը սովետական ժամանակներում է տեղադրվել, դրա համար էլ նմանատիպ խնդիր է առաջանում։ Մեծամորի համայնքապետարանին շատ ենք դիմել, երեկ խոստացան, որ վաղն անպայման կայցելեն գյուղ եւ խնդիրը կլուծեն»,- ասաց Մկրտչյանը։
Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ իր 2 եւ 8 տարեկան երեխաները աղիքային վարակում են ստացել․ պատճառը, ամենայն հավանականությամբ, աղտոտված ջուրն է եղել։
«Դեռ հաստատված չէ, բայց 90 % հավանականությամբ պատճառը ջուրն է։ Ջրից օգտվել այլեւս հնարավոր չէ, մենք հիմնականում ջուրը գնել կամ կողքի գյուղից ենք բերել։ Խոստացել են խնդիրը լուծել, հուսանք կկարողանան խնդիրը լուծել»,- ասաց նա։