Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն
աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։
Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի
հետ:
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի և ՄԻՊ աշխատակազմերի ներկայացուցիչները:
Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ,
սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, ինչպես նաև ընդգծվել դրանց համակարգային
լուծումների կարևորությունը։
Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժած անձանց բնակարանային
ապահովմանը և անօթևանության խնդրին, թափառող կենդանիների խնդրին, խոսքի
ազատության երաշխավորմանը և ատելության խոսքի տարածման կանխմանը, ինչպես
նաև ընտրական իրավունքի իրացման ապահովմանը։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է պետական և տեղական մարմինների միջև
արդյունավետ համագործակցությունը՝ նշելով. «Մարզերի բնակիչների իրավունքների
պաշտպանությունն իմ գործունեության կարևոր ուղղություններից է։ Տարբեր
բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ
խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր
քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր
պայման է արդար և հարգալից հասարակություն կառուցելու համար»։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցերը մարզեր կրում են
շարունակական բնույթ։
