Ճիշտ սնվելը կարող է կյանքը երկարացնել 1-4 տարով. Science Advances

Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ առողջ սննդակարգը կարող է 1-4 տարի ավելացնել կյանքին՝ նույնիսկ գենետիկական գործոնները հաշվի առնելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։

Հետազոտությունը ղեկավարել է Յանլին Լին Հուաչժունի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանից։ Հետազոտողները վերլուծել են ավելի քան 100 հազար մասնակիցների տվյալները UK Biobank-ի տվյալների բազայում, որը լայնածավալ նախագիծ է եւ ներառում է կես միլիոն կամավորների գենետիկական եւ բժշկական տեղեկատվություն։ Մասնակիցներին հետեւել են ավելի քան 10 տարի, նախորդ 24 ժամվա ընթացքում պարբերաբար հավաքագրվել են սննդակարգի տվյալները։

Յուրաքանչյուր մասնակցի տրվել է միավոր՝ հիմնվելով նրա վրա, թե որքանով է նրանց սննդակարգը համապատասխանում հինգ ճանաչված «առողջ» սննդակարգերից մեկին. միջերկրածովյան սննդակարգ, դիաբետը նվազեցնող սննդակարգ (բարձր բջջանյութի բարձր եւ շաքարի ցածր պարունակությամբ), DASH սննդակարգ, բուսական սննդակարգ եւ այլընտրանքային առողջ սննդակարգի ինդեքս (AHEI): Հետազոտողները նաեւ գնահատել են երկարակեցության հետ կապված 19 գենետիկ տարբերակների առկայությունը։

Դիտարկումների ընթացքում մահացել է 4 314 մասնակից։ Համեմատելով սննդակարգի, գենետիկայի եւ մահացության տվյալները՝ գիտնականները հաշվարկել են, թե որքան երկար կարող է ապրել 45-ամյա մարդը, եթե առողջ սննդակարգ ընդունի՝ նրանց համեմատ, ովքեր ամենաքիչ հավասարակշռված սննդակարգ են ունեցել

AHEI-ն ցույց է տվել ամենանշանակալի ազդեցությունը. այս մոտեցմանը հետեւող տղամարդիկ կարող էին ակնկալել կյանքի միջինը 4,3 լրացուցիչ տարի, մինչդեռ կանայք՝ 3.2 տարի: Միջերկրածովյան սննդակարգի պարագայում տղամարդկանց կյանքի տեւողություն ավելացել է 2,2 տարով, կանանց դեպքում՝ 2,3:

Դիաբետի ռիսկը նվազեցնող սննդակարգը տղամարդկանց կյանքի տեւողությունը մեծացրել է 3, կանանց համար՝ 1,7 տարով: Բուսական սննդակարգը կյանքի տեւողությունը մեծացրել է համապատասխանաբար 2,1 տարով եւ 1,9 տարով: DASH սննդակարգը տղամարդկանց կյանքի տեւողությունն ավելացրել է 1,9 տարով, կանանց համար՝ 1,8:

Հեղինակներն ընդգծել են, որ դրական ազդեցությունը նկատվել է երկարակեցության գենետիկ նախատրամադրվածությունից անկախ: Այլ կերպ ասած՝ նույնիսկ «ոչ կատարյալ» գեների դեպքում առողջ սննդակարգը մնում էր էական գործոն:

Ամբողջահատիկները, մրգերը եւ բանջարեղենը ցույց են տվել կյանքի տեւողության աճի հետ ամենաուժեղ կապը: Այս սննդամթերքներն են ամենից հաճախ հանդիպել գոյատեւման լավագույն մակարդակ ունեցող մասնակիցների սննդակարգում:

Spread the love