Եվրոպայի մեդալակիր եմ, 4 ամիս է 10 դրամ չեմ ստանում: Վնասվածքներս իմ միջոցներով եմ բուժում, ֆեդերացիան, նախարարությունն ասում են՝ կտրոնները պահիր, հետո կտանք: Եվրոպայի առաջնության ենք գնում առանց մարզահագուստի: Այսպես սպորտ չեն պահում:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականում առկա խնդիրների մասին ասուլիսում պատմեց 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանը:
Ապրիլի 7-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները, Եվրոպայի նորընծա չեմպիոն եւ բրոնզե մեդալակիրները լրագրողների հետ հանդիպմանն առաջին անգամ բարձրաձայնեցին հավաքականում առկա խնդիրների մասին:
Մարզիկները խոսեցին աշխատավարձերի բացակայության, վիտամիններ չստանալու, վնասվածքները սեփական միջոցներով բուժելու եւ շատ այլ խնդիրների մասին: Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանի խոսքով, արդեն տեւական ժամանակ մարզիկները, այդ թվում եւ ինքը աշխատավարձ չեն ստանում:
«Որեւէ մեկը լուծում չի տալիս մեր խնդիրներին: Թիմում տղաներ կան, այդ թվում նաեւ ես, որ մոտ 5-6 ամիս 10 դրամ գումար չենք ստացել: Այսօր առաքիչն ավելի լավ է ապրում, քան մեր թիմի անդամները, Հայաստանի չեմպիոնը, Եվրոպայի մեդալակիրը: Ես ինքս 4 ամիս չեմ վարձատրվում: Մեզ ոչ մի կառույց չի օգնում՝ ֆեդերացիա, նախարարություն, Օլիմպիական կոմիտե:
Չենք ասում՝ մեզ շատ տվեք, մյուսներին քիչ տվեք, բայց վերաբերմունք կա: Մեծ մարդիկ ենք 27-30 տարեկան: Տղաներ կան կին, երեխա ունեն, ընտանիք են պահում: Մարզիչները, երկրորդ մարզիչները, բժիշկը աշխատավարձ չեն ստանում: Չենք ուզում բողոքող լինել, բայց այսպես այլեւս հնարավոր չի շարունակել: Վնասվածք եմ ստացել Եվրոպայի առաջնությունից առաջ: Տեղյակ եմ պահել ֆեդերացիային, նախարարությանը: Ասում եմ՝ լուրջ գումարների մասին է խոսքը, ամեն օր տոկեր եմ ստանում, գոնե օգնեք: Ինձ պատասխանում են՝ գնա արա, կգաս չեկերը պահի կտանք: Սա պատասխան չի, այսպես սպորտ չեն պահում:
Գնում ենք Եվրոպայի առաջնության, 4 ամիս վիտամին չունենք, մարզահագուստ չունենք: Ամոթ է մեր մարզաձեւի համար: Գնում ենք տարբեր մարզահագուստներով, կողքից հավաքականի նման չենք։ Տարբեր մարզահագուստներով, ասես՝ փողոցից տղաների խումբ լինենք»,- մանրամասնեց Գեւորգ Ղարիբյանը:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանի խոսքով, ոչ միայն ըմբիշների, մյուս մարզաձեւերի ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանում չկա արժանի վերաբերմունք:
«Օրինակ բերվեց մարմնամարզիկներին, որ նրանք ավելի վատ պայմաններում շատ լավ արդյունքներ են անում եւ քիչ են պահանջում, մենք շատ ենք պահանջում: Մենք չենք ուզում որեւէ մի մարձաձեւ քիչ ֆինանսավորվի, մենք շատ: Թող ամեն մեկն արժանի ֆինանսավորվի: Գումարների խնդիրը չի միայն, աշխատավարձեր չստանալու հարցը միայն: Խնդիրները շատ են: Այսքան ժամանակ սպասել ենք, որ մեր արժանի պատասխանը կստանանք: Մեր երկրում մարզիկի նկատմամբ չկա այն վերաբերմունք, որին նրանք արժանի են»,- նկատեց Սլավիկ Գալստյանը:
Եվրոպայի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ավելացրեց. «Վերաբերմունքը միայն ֆինանսականը չէ: Մարզիկներին պետք է հետեւեն, հետաքրքրվեն, մարզումներով, ֆիզիկական վիճակով: Գումարը, աշխատավարձն էլի իր նշանակությունն ունի, ինչպես յուրաքանչյուր մարդու համար, բայց նաեւ պետք է այլ տեսանկյունից էլ ուշադրություն դարձնել մարզիկներին»,- նշեց Մալխաս Ամոյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի խոսքով, եթե խնդիրներին լուծում չտրվի, հունահռոմեական ոճի ըմբշամարտը կվերանա:
«Մեր մարզաձեւում մանրուք չկա: Եթե մի տեղ չենք հասցնում, մյուս տեղում հետ ենք ընկնում: Նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում 3-րդն էինք, այս տարի 5-րդն ենք: Եթե այսպես շարունակվի եւ մեր խնդիրների լուծումներ չտրվեն, հաջորդ Եվրոպայի առաջնությունում չգիտեմ, թե որերորդ տեղում կլինենք: Խնդիրների մասին միայն մրցումից մրցում չպետք է խոսել: Մենք ունենք վիտամինիզացիայի խնդիր: Այն խիստ անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզիկի: Գոտեմարտերի արանքում 20 րոպե ժամանակ է: Եվրոպայի առաջնությունում մեր շուրջն իսկական լաբորատորիաներ էին, ուրիշ երկրների մարզիկները գոտեմարտի ավարտից գալիս, վերականգնվում էին: Մեր կողքը մեր մարզիկի համար ջուր է, թեյ, լավագույն դեպքում միրգ:
Մեր տղաները չեն ստանում այն վիտամինները, որ հասցնեն այդ կարճ ժամանակում վերականգնվել: Ըմբիշները լացկան չեն, ոչ էլ բողոքական: Ուղղակի հիմա անհրաժեշտություն է այս խնդիրների մասին հիշեցնել, խոսել, բարձրաձայնել: Աշխատավարձ, վիտամիններ, մարզահագուստ, այս խնդիրները պետք է լուծել: Եթե չենք ուզում մարզաձեւը վերանա, պետք է լուծում տանք, հակառակ դեպքում փոսը կընկնի, չենք կարողանա հանել, որովհետեւ խնդիրները գնալով ավելի են խորանում»:
Հիշեցնենք, Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 7 մասնակցով նվաճեց 4 մեդալ։ 77 կգ քաշային կարգում չեմպիոնի տիրղոսը նվաճեց Մալխաս Ամոյանը։ Բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67 կգ)։
Լուսինե Շահբազյան