Բժիշկները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի շենքի դիմաց

Փետրվարի 23-ին Երևանում՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել բժիշկների բողոքի ակցիա։

Ակցիայի մասնակիցները նամակներ են փոխանցել խորհրդարանի նախագահին և բոլոր խորհրդարանական խմբակցություններին։ Նրանք, մասնավորապես, խնդրել են անցկացնել խորհրդարանական լսումներ՝ համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում առկա բացերի ու ռիսկերի վերաբերյալ։

Ակցիայի կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը պարզաբանել է, թե որն է խնդիրը և ինչու են անհրաժեշտ այդ լսումները։

«Մեր պահանջը դա է, որպեսզի փոխեն վճարման կարգը, փոփոխեն նվազագույն շեմը, վերահաշվարկեն բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը և թող աշխատի ապահովագրման համակարգը։ Դա իրոք հարցը կլուծի մեր երկրի բնակիչների համար», – ասել է Գրիգորյանը։

Բժիշկը կարծում է, որ այս խնդիրը պետք է լուծի պետությունը։ Նա դեմ է պատասխանատվությունը կառավարությունից առողջապահության ոլորտի աշխատողների ուսերին դնելուն։

«Պետք չի, որ բնակչության մի շերտը տուժի մյուս շերտի խաթեր։ Մենք խոսում ենք սոցիալական արդարությունից, բայց բուժաշխատողների նկատմամբ սոցիալական արդարություն կարծես թե չի կիրառվում։ Աշխատավարձերը իջել են, որովհետև այդպես են որոշել՝ մարդիկ ովքեր, որ պացիենտների հետ չեն շփվում, մարդիկ ովքեր, որ էդ տիտանական աշխատանքը չեն կատարում, մարդիկ ովքեր, որ կյանքեր չեն փրկում որոշել են, որ բուժաշխատողի աշխատավարձը պետք է այդպես հաշվարկվի։ Բուժաշխատողներն էլ բողոքում են և արդարացի են բողոքում», – ընդգծել է Գրիգորյանը։

Իր հերթին, «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը հայտարարել է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բժիշկներն իրենց աշխատավարձերը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև զգալիորեն պակաս չափով։ Այսպիսով, ըստ նրա, տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը նվազել են 30%-ով։ Ընդ որում, պոլիկլինիկաներում որոշ դեպքերում այն կրճատվել է նույնիսկ 2–3 անգամ։

«Ամենաքիչը ստացել են բուժքույրերն ու մանկաբարձները, քանի որ բժիշկներն ու բուժքույրերը սովորաբար վարձատրվում էին կանչի սկզբունքով (խմբ.՝ մեկ շնչի հաշվարկով)։ Նրանց աշխատավարձը զգալիորեն նվազել է», – բացատրել է Պողոսյանը։

Ըստ նրա՝ քանի որ աշխատավարձերը վճարվել են զգալի ուշացումով, շատերը խնդիրների են բախվել բանկային պարտավորությունների մարման հարցում։

Ակցիայի մասնակիցները առողջապահության ոլորտի պատասխանատուներին կոչ են արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կառուցողական քննարկումներ անցկացնելու համար։

ՀԿ ղեկավարի կարծիքով՝ համակարգը ներդրվել է շտապողականությամբ՝ առանց քաղաքացիների և բուժաշխատողների պատշաճ իրազեկման։

 

Spread the love