Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական
հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման,
ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում :
Ըստ այդմ՝ 2025–2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման,
հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ
կարգավորումները։
Փոխադրում
 5–8-րդ և 10–11-րդ դասարաններ – բոլոր առարկաներից տարեկան 4–10 միավոր ստացած
սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
 9-րդ դասարան – տարեկան 4–10 և ավարտական քննություններից 8–20 միավոր ստացած
սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
 Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
սովորողների փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանի հիման վրա՝ անկախ
տարեկան գնահատականներից։
Ավարտում
 12-րդ դասարան- ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական
բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ
կրթության ատեստատ և համարվում է հաստատությունն ավարտած:
Գնահատում
 2025–2026 ուստարում 1–4-րդ դասարաններում (Տավուշի մարզում՝ նաև 5-րդ դասարանի I
կիսամյակ) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է
բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և
տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման
վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։
 2026–2027 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր հաստատությունների 1–4-րդ դասարաններում և
5-րդ դասարանի I կիսամյակում գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով:
 Մյուս դասարաններում տարեկան գնահատականները ձևավորվում են էլեկտրոնային մատյանում՝
կիսամյակային գնահատականների հիման վրա։
Վերաքննություն
 5–12-րդ դասարաններում տարեկան 1–3 միավոր ստացած սովորողը հանձնում է վերաքննություն՝
հուլիսի 2–8-ը կամ օգոստոսի 20–25-ը։

 Վերաքննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին 1–3 միավոր
ստանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը (12-րդ դասարանում՝ չի
ավարտում)։
Պետական ամփոփիչ ատեստավորում
4-րդ դասարան․ ատեստավորումն իրականացվում է տարեկան բնութագրերի հիման վրա՝ ինքնաշխատ
եղանակով։ Ցածր արդյունք ունեցող սովորողը փոխադրվում է 5-րդ դասարան և ընդգրկվում է երկարօրյա
խմբում։
9-րդ դասարան՝ ավարտական քննություններ՝
 Հայոց լեզու (գրավոր թեստ)
 Գրականություն և Հայաստանի պատմություն (էսսե)
 Մաթեմատիկա (գրավոր թեստ)
 Օտար լեզու (բանավոր)
 Բնագիտություն (ընտրությամբ՝ թեստ կամ նախագծային աշխատանք)
 Ֆիզկուլտուրա (ստուգարք)
 Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում՝ Ռուս գրականություն
 Ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ մայրենի լեզու և գրականություն։
Թեստերը կազմում է ԳԹԿ-ն։ Քննություններից 1–7 միավոր ստանալու դեպքում սահմանվում է
վերաքննություն (հուլիս/օգոստոս)։ Երկու առարկայից կրկնակի անբավարարի դեպքում սովորողը կրկնում է
դասընթացը։
12-րդ դասարան՝ պետական ավարտական քննություններ (հունվար/հունիս)՝
 Հայոց լեզու և Հայ գրականություն (թեստ)
 Մաթեմատիկա (թեստ)
 Հայաստանի պատմություն (թեստ)
 Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)
 Մայրենի լեզու և գրականություն (ազգային փոքրամասնությունների դասարաններում)։
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու կամ
մասնակցելու և գնահատման 20 միավորային սանդղակով 20 միավորից պակաս գնահատված լինելու
դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում տվյալ առարկայից ավարտական
քննություն հանձնել նաև հունիսին: 12-րդ դասարանի սովորողն առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3
(այդ թվում` քննական առարկաներից) կամ հունիսին անցկացված պետական ավարտական քննություններից
1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում
իր հաստատությունում` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության
կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու
դեպքում՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:
Էքստեռն կարգ

19 տարին լրացած և հաստատությունից դուրս մնացած անձինք կարող են քննություններ հանձնել նույն
կամ այլ հաստատությունում կամ էքստեռն կարգով։ Զորակոչվածները կարող են քննություններ հանձնել
սահմանված հատուկ ժամկետներում։
Բացակայած սովորողի փոխադրում
 1–8 և 10–11-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայության դեպքում
սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։
 9-րդ և 12-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ
քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։
 Վերաքննություններին կամ լրացուցիչ քննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու
առարկայից կրկին անբավարար ստանալու դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։
 Լրացուցիչ քննական առաջադրանքները մշակում են հաստատության մեթոդմիավորումները
(առնվազն 3 տարբերակ), հաստատում՝ տնօրենը։

Spread the love