Մաքսատան վերջերս հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենաների ներկրումը անցյալ տարի հասել է 2002-ից հետո նվազագույն մակարդակին։
Հիշեցնենք, որ 2020-ին Հայաստանում երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքների (այդ թվում՝ ավտոմեքենաների) մաքսատուրքերը զգալիորեն բարձրացել են։ Մինչդեռ ԵԱՏՄ մյուս երկրներն ավելի վաղ էին անցել այդ դրույքաչափերին։ Սրանով իսկ այս երկրների քաղաքացիների համար մեր երկրում համեմատաբար էժան (մաքսատուրքերի տարբերության պատճառով) մեքենաներ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել։
Սրանից էլ օգտվել են մեր ձեռներեց ներկրողները։ Արդյունքում՝ 2019-ին ներկրվող ավտոմեքենաների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել մեր երկրի համար (տե՛ս գրաֆիկը)։
Ներմուծված ավտոմեքենաների միջին մաքսային գինը անցյալ տարի մեկ միավորի համար կազմել է 13 500 դոլար եւ նախորդ տարվա համեմատ աճել է 4,7 անգամ։ Գների այս տեղաշարժերը պայմանավորված են Ռուսաստանից (13,5 անգամ), Ճապոնիայից (5,2 անգամ) եւ Գերմանիայից (3,1 անգամ) ավտոմեքենաների միջին գնի կտրուկ աճով։ Օգտագործված մեքենաների ներմուծման նվազումը հանգեցրել է նոր մեքենաների մասնաբաժնի ավտոմատ աճի (կամ ավելի ծառայության կարճ ժամկետով, քան նախկինում), ինչը ազդել է միջին գնի վրա։
Անցած տասնամյակների ընթացքում նկատված մեքենաների մեծածավալ ներկրումը հանգեցրել է միանգամայն կանխատեսելի հետեւանքների։ 2019-ի սկզբի դրությամբ Հայաստանում կար ավելի քան 508 000 տրանսպորտային միջոց, որոնց մեծ մասը՝ թեթեւ ավտոմեքենաներ։ Մայրաքաղաքի որոշ փողոցներում սովորական էր դարձել այն պատկերը, որ երթեւեկելի հատվածում մեքենաներն ավելի շատ էին, քան մայթին հետիոտները։ Ավտոմեքենաների վաճառքների աճին նպաստեց նաեւ քաղաքացիների կողմից այդ նպատակով բանկային վարկեր ստանալու հնարավորությունը։
Ավտոմեքենաների պահանջարկը խթանող գործոններից կարելի է համարել քաղաքային (հատկապես «միլիոնանոց» մայրաքաղաքում), ինչպես նաեւ միջքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի խրոնիկ թերությունները։ Այս թերությունների մեկ այլ հետեւանք է եղել տաքսիների քանակի ավելացումը։ Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի տաքսիները ավելի քան 2 մլն ուղեւոր են փոխադրել։
Ի դեպ, որոշ քաղաքացիներ մեքենա են գնել (ընդ որում՝ հաճախ՝ ապառիկ)՝ որպես տաքսի շահագործելու համար։ Ինչ անել, զանգվածային գործազրկության պայմաններում շատերի համար սա ընտանիքը պահելու միակ միջոցն է։ Հավելենք, որ մեքենաների «տարիքի» սահմանափակումները նպաստել են տաքսի ծառայությունների կողմից նոր ավտոմեքենաների գնումների աճին։
Բայց հիմնականում Հայաստան են ներկրվել օգտագործված մեքենաներ, որոնք կազմում են երկրի ավտոպարկի ճնշող մեծամասնությունը (ըստ գնահատականներից մեկի՝ մոտ 80 տոկոսը)։ Հասկանալի է, որ նապատմական տարիքի «երկաթե ձիերն» ավելի ինտենսիվ են աղտոտում շրջակա միջավայրը, քան նորերը։ Նման ավտոմեքենաների շահագործումը նույնպես սեփականատերերից ավելի շատ գումարի ծախս է պահանջում՝ վերանորոգման եւ պահեստամասերի, ինչպես նաեւ վառելիքի եւ քսանյութերի ձեռքբերման համար:
Ավտոմեքենաների թվի զգալի աճը նկատելիորեն մեծացրել է մեր երկրի կախվածությունը ավտոմոբիլային վառելիքի ներկրումից։ Այսպես, 2011-2021 թվականներին գազալցակայաններին մատակարարվող բնական գազի ծավալն աճել է 1,4 անգամ։ Բենզինի ներմուծումն այս տարիներին աճել է 1,2 անգամ, իսկ դիզելային վառելիքինը՝ 1,5 անգամ։ Այսպիսին են պաշտոնական տվյալները։ Այս ոլորտում իրական պատկերի մասին կարելի է միայն գուշակել։
Տիգրան Վարդանյան