ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գրադարանային ֆոնդը «READ JAPAN PROJECT» ծրագրի շրջանակում համալրվել է Ճապոնիային վերաբերող 137 մասնագիտական գրքով։ Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 10-ին՝ ինստիտուտի ընթերցասրահում։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Ճապոնիայի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին և հասարակությանը նվիրված արժեքավոր գրականությունը կարևոր դեր կունենա գիտաշխատողների և երիտասարդ հետազոտողների աշխատանքներում։ «Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն մեր գրադարանի հարստացմանը, այլև Հայաստանում ճապոնագիտության զարգացմանը և հայ-ճապոնական գիտական համագործակցության խորացմանը», – ասաց Գոհար Իսկանդարյանը։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական հույս հայտնեց, որ այս նվիրատվությունը կաջակցի Ճապոնիային և Ասիային վերաբերող հետազոտությունների և ուսումնասիրությունների խորացմանը, կծառայի դասախոսներին, հետազոտողներին և ուսանողներին երկար տարիներ։ «Գրքերն ունեն հատուկ արժեք։ Գրքերում զետեղված են գիտելիքներ ու գաղափարներ, որոնք հեղինակները մշակել են տարիների փորձի միջոցով և դրանք փոխանցում են ապագա սերունդներին հստակ և համակարգված ձևով։ Այս նախագծի գրքերում ուշադիր վերլուծված և բացատրված են Ճապոնիայի հարաբերություններն ավելի լայն աշխարհի հետ։ Հուսով եմ, որ այս գրքերը կդառնան մտավոր ռեսուրս ձեր՝ բոլորի և ապագա հետազոտողների համար։ Ես նաև ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար աշխատել են այսօրվա միջոցառումը հնարավոր դարձնելու համար։ Ձեր ջանքերը նպաստում են Ճապոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը»,- ասաց նա։
Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը, կարևորելով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Ճապոնիայի դիվանագիտական և ակադեմիական կառույցների միջև համագործակցությունն, ասաց․ «Այս համագործակցությունը կարևոր հանգրվան է՝ Ճապոնիայի գիտական, հետազոտական ինստիտուտների հետ բանակցությունները զարգացնելու հարցում։ Իմ գործընկեր Աոկի Յուտականի հետ կշարունակենք աշխատել գիտական կենտրոնների միջև առավել սերտ կապեր ձևավորելու ուղղությամբ։ Այս միջոցառումը և գրքերի նվիրատվությունը լավ ուղերձ է և առիթ, որպեսզի այդ կապերն առավել շուտ կարողանանք ձևավորել»։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ճապոնագետ Եվա Հարությունյանը նշեց, որ Ճապոնիայի մասին գրականության պակասը կար, և ինստիտուտի գրադարանային ֆոնդի համալրումը կարևոր գիտական և կրթական ռեսուրս է գիտաշխատողների ու ուսանողների համար։
Միջոցառման ընթացքում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը շնորհակալագիր հանձնեց դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտակային` «READ JAPAN PROJECT» ծրագրի իրականացման գործում աջակցության և ջանքերի համար։ Դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտին հանձնեց շնորհակալագիր՝ ի նշան Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամության։
«READ JAPAN PROJECT» ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի «Tokyo Foundation for Policy Research» կազմակերպության կողմից՝ «The Nippon Foundation»-ի ֆինանսավորմամբ։
