Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի
հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի
հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը
գնահատելու կարևորությունը։
ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող,
հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման
գործողությունների ծրագիրը (VLAP) ողջ ծավալով, ինչը միանգամայն համահունչ է ՀՀ կառավարության ոլորտային
բարեփոխումների օրակարգին։ Նրա խոսքով՝ արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են ծրագրով նախատեսված՝
ինչպես միգրացիայի և սահմանների կառավարման, այնպես էլ իրավապահ մարմինների և արդարադատության
ուղղություններով աշխատանքները։ Ընդգծվել է նաև, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանը համադրելի
երկրների համեմատ տպավորիչ կարճ ժամկետում ստացել է Գործողությունների ծրագիրը․ անմիջապես հաջորդել է ՆԳ
նախարարության համակարգմամբ իրավասու գերատեսչությունների ջանքերի մեկտեղումը թիրախային և ժամանակին
արդյունքներ գրանցելու նպատակով։
Հանձնակատար Բրունները բարձր է գնահատել ներդրված ջանքերը՝ ՀՀ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ
երկրներ ազատականացնելու ուղղությամբ և արձանագրել, որ հաստատուն կամքն ու ներդրվող ռեսուրսներն այս
ուղղությամբ արդեն իսկ նկատելի և գնահատելի են։ Նա համոզմունք է հայտնել, որ բարձր կատարողականով որակյալ,
թիրախային և ժամանակին առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը կհանգեցնի սպասված
վերջնարդյունքին։
Նախարար Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը գնահատում է միգրացիոն հոսքերի կառավարմանը միտված ԵՄ
ջանքերը և վիզաների ազատականացման գործընթացում հատուկ նշանակություն է տալիս ՀՀ-ից դեպի ԵՄ երկրներ
ուղղված անօրինական հոսքերի կրճատմանը, գիտակցված և պատասխանատու միգրացիոն վարքագծի ձևավորմանը։

Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ շարունակական աջակցության և
միայն ՀՀ-ի հետ ակտիվ բանակցային գործընթաց ունենալու համար, նա նաև ընդգծել է պատրաստակամությունը՝
գործնական համագործակցությունը բարձր որակով շարունակելու ուղղությամբ։

Spread the love