ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է նշյալ հաստատություններ՝
ծանոթանալու մսուրային խմբերում երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին, նոր
ներդրված համակարգի գործարկման ընթացքին։
Նա շրջել է մանկապարտեզներում, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել աշխատակիցների հետ:
Մանկապարտեզներից յուրաքանչյուրն ունի 164 սան՝ 6 խմբով. 1-2 տարեկանների վաղ տարիքի
յուրաքանչյուր խմբում 15 երեխա է ընդգրկված։
Նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստմամբ՝ երեխաների ադապտացիայի փուլը
հաղթահարվում է, նրանք արդեն սիրով են հաճախում մանկապարտեզ։
Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է երեխաների զբաղվածության ապահովմամբ, խնամքի
կազմակերպմամբ, հաստատության գույքային հագեցվածությամբ, մանկավարժների և դայակների
մասնագիտական ներուժի զարգացմամբ և ընթացիկ այլ խնդիրներով։
«Ըստ ցուցանիշների՝ մանկապարտեզներում վաղ տարիքի խմբեր ունենալու գաղափարը հաջողված է։
Միասնական ջանքերով և փուլ առ փուլ բոլոր համայնքների համար պետք է ապահովվի այս
հնարավորությունը։ Մեզ համար հատկապես համակարգի ներդրման առաջին փուլում չափազանց
կարևոր է ապահովել հետադարձ կապ թե՛ մանկապարտեզների աշխատակազմի, թե՛ ծնողների հետ՝
հասկանալու դժվարություններն ու առաջացած խնդիրները, որպեսզի հաղթահարման ճանապարհները
միասին գտնենք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
Նշենք, որ պետական միջոցների հաշվին մանկապարտեզների խմբասենյակները կոսմետիկ նորոգվել են
և համալրվել անհրաժեշտ գույքով։ Կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի և
զարգացման առանձնահատկությունները՝ ԿԳՄՍ նախարարությունը նախապես կազմակերպել է
ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների,
տեղակալների, բուժքույրերի, դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման
վերապատրաստումներ:
Մինչ այդ վաղ մանկության տարիքի 2-ական խմբեր էին բացվել նաև Երևանում, 1-ը՝ Հրազդանում։
Առաջիկայում նախատեսվում է ևս երկուսը բացել Երևանում, երկուսն էլ՝ Վանաձորում։
Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբեր հիմնելու
պահանջը սահմանված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով:
Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով այս տարիքային խմբի մսուրի ծառայության
հասանելիություն ապահովել բոլոր խոշորացված համայնքներում:
