Երեւանում բնակարանների գներն աճել են սկսած 2021 թվականից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» Վահե Դանիելյանն՝ անդրադառնալով պաշտոնական վիճակագրությանը, որի համաձայն՝ Երեւանում բնակարանների գները փետրվարին հունվարի համեմատ աճ են արձանագրել:
«2022 թվականի հունվարից մարտ ամիսներին գնաճը եղել է 5–10%: Գնաճի հիմնական պատճառն այն է, որ պահանջարկը մեծացել է, ինչպես նաեւ այն, որ դոլարի, դրամի գնողականությունն ընկել է։ Աշխարհում ինֆլացիա է տեղի ունենում, ապրանքների գները բարձրացել են, հետեւաբար արտարժույթի, դրամի գնողականությունը նվազել է։ Հիմա բավականին շատ շենքեր են կառուցվում, առաջարկի մեծացմանը զուգահեռ ավելացել է նաեւ պահանջարկը եւ գները բարձրանում են։ Ճիշտ կլինի ներդրում կատարել անշարժ գույքի, ինչ–որ կապիտալի մեջ, որովհետեւ գումարի արժեքը կորում է»,– ասաց Վահե Դանիելյանը։
Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, շինարարությունն ավարտված շենքում 50 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանն արժե 76–77 հազար դոլար։ Նախկինում 70 հազար դոլար էր։ Կենտրոնում գներն ավելի բարձր են. կրկին երկրորդային շուկայում 50 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանն արժե 160 հազար դոլար, մեկ քառակուսի մետրի գինը 3500 դոլարի սահմանում է։
«Փոքր Կենտրոնում Ստալինյան նախագծերով քարե շենքերում մեկ քառակուսի մետրի գինը շուրջ 2000 դոլար է։ Արաբկիրում այդ կարգի բնակարանն արժե 1500–1600 դոլար։ Պանելային շենքերում գինը մի քիչ ցածր է, մեկ քառակուսի մետրի կտրվածքով մինուս 200 դոլար»,– նշեց Վահե Դանիելյանը։
Մեր երկրում, ըստ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրենի, բնակարան ձեռքբերողները հիմնականում Հայաստանի քաղաքացիներն են ու սփյուռքի հայերը։
«Նախկինում սփյուռքի հայերն ավելի շատ էին բնակարան գնում, վերջին երկու տարում նրանց թիվը նվազել է։ Ինչ վերաբերում է օտարազգիներին, ապա վերջին շրջանում ռուսներն են ատիվացել։ Այլ երկրներից ակտիվացում չի նկատվել։ Ի դեպ, մարտին վարձակալության շուկայում մեծ հոսք կար Ռուսաստանից։ Բնակարանների վարձակալության գները մոտ 30%-ով բարձրացավ։ Նրանց մեջ կային մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել անշարժ գույք ձեռք բերել այստեղ»,– նշեց Վահե Դանիելյանը։