Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԿԳՄՍ
նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ
միջոցառումներ՝ տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի
հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրում, դպրոցականների համար կրթական ծրագրեր՝ բաց
դաս ձևաչափով, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, հուշարձանների և տարածքների մաքրման
աշխատանքներ:
Ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը:
Նպատակն է՝ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը մշակութային ժառանգության, դրա
խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ժառանգության պաշտպանության և
պահպանման նպատակով: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին
դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը
դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ:
Հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքները մարզային ծառայությունների և հուշարձանների
պահապանների միջոցով համակարգում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական
միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983
թվականից՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով
բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության
բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ:

Spread the love