Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ
մայիսի 12-18-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների
հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։
Նախագիծը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ
Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն այդ օրը հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝
այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն։ Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի
Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում՝ երկու փուլով, տարիքային երկու խմբի համար:
Մայիսի 13-ին՝ մրցութային առաջին փուլում, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է
ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-4 գործիքի համար՝ առավելագույնը 10 րոպե
տևողությամբ)։ Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն մել երգ՝ գրված
ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի
առավելագույն տևողությունը պետք է չգերազանցի 5 րոպեն:
Երկրորդ փուլում՝ մայիսի 15-ին, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված
1 մենանվագ ստեղծագործություն. կրտսեր խմբի մասնակիցները՝ մինչև 5 րոպե, ավագ խմբի
մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն:
Մայիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի գալա համերգ-
մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան այս տարվա մրցանակակիրները: Համերգային
երեկոյի ընթացքում կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:
Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն դրամական պարգևով,
մրցույթի անվանական գավաթով, պատվոգրերով, խրախուսական նվերներով: Մրցանակային
հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով:
Լավագույն մասնակիցները, ի թիվս մյուս մրցանակների, հնարավորություն կստանան մասնակցելու նաև
մարզային համերգի, որը կանցկացվի Աշտարակում:
Այս տարի առաջին անգամ մրցույթում կընդգրկվի նաև խորեոգրաֆիկ տարր: Մրցույթի հաղթողները
հնարավորություն կստանան աշխատելու Հայաստանի առաջատար պարային դպրոցներից մեկի՝ Քալաշյան
պարարվեստի դպրոցի մանկավարժ պարուսույցների հետ, որի շրջանակում հաղթող մասնակիցների
ստեղծագործությունների համար կբեմադրվեն պարային համարներ։ Սա հնարավորություն ընձեռի պատանի
ստեղծագործողներին առնչվել նաև խորեոգրաֆիկ արվեստի հետ՝ համատեղ աշխատելով պարուսույցների
հետ: Պարային համարները կներկայացվեն մրցույթի ավարտից հետո՝ մինչև տարվա վերջ։
Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների
ուսուցիչները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել www.mirzoyan.am պաշտոնական կայք,
զանգահարել +37455 07 07 80 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական
էջին:

Spread the love