Բրյուսովի  անվան պետական համալսարանում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ»

Մայիսի 21-ին Վ. Բրյուսովի  անվան պետական համալսարանում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ» միջոցառումը, որը մեկ հարթակում համախմբել էր ուսանողներին, շրջանավարտներին, աշխատանք փնտրող երիտասարդներին և Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար գործատուներին։ Միջոցառման կազմակերպիչը ԲՊՀ Կարիերայի կենտրոնն էր, որի նախաձեռնությամբ անցկացվող տոնավաճառի նպատակն էր նպաստել ուսանողների և գործատուների միջև անմիջական համագործակցության ձևավորմանը, աջակցել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը: Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 35 կազմակերպություններ և հաստատություններ, որոնք ներկայացրին առկա թափուր աշխատատեղեր, մասնագիտական պրակտիկայի, կամավորական և երիտասարդական ծրագրեր, կարիերայի զարգացման հնարավորություններ։

Մասնակից կազմակերպությունների շարքում էին բանկային համակարգի, հյուրանոցային և զբոսաշրջության ոլորտի, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան անմիջական հաղորդակցություն հաստատել գործատուների հետ, ծանոթանալ աշխատաշուկայի արդի պահանջներին, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։ Միջոցառման աջակիցն էր Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը։

«Աշխատանքի տոնավաճառ ԲՊՀ-ում» նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց համալսարանի կարևոր դերը ուսանողների մասնագիտական զարգացման, աշխատաշուկա արդյունավետ ինտեգրման և կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման գործում

Spread the love