Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում այսօր բացվել «Սրբացված բեկորների հայտնությունը՝
Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով
ժամանակավոր ցուցադրությունը։
Բացմանը ներկա են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և
լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի
ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ։
Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի
բացահայտումներից մեկը՝ Արտաշատում հայտնաբերված վաղքրիստոնեական ութանիստ եկեղեցին, որը
համարվում է հայ քրիստոնեական ճարտարապետության ամենավաղ թվագրվող օրինակներից։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ցուցադրության բացումը
կարևոր հանգրվան է Արտաշատ պատմական մայրաքաղաքում իրականացվող լայնածավալ աշխատանքի
շրջանակում։ Նրա խոսքով՝ ցուցադրությունն ամփոփում է արդեն կատարված աշխատանքը և միաժամանակ
նոր մասնագիտական քննարկումների հնարավորություն ստեղծում. «Մասնագիտական քննարկումները թույլ
կտան շարունակել աշխատանքները և Արտաշատ պատմական մայրաքաղաքի հարուստ ժառանգության մեջ
նոր շերտեր բացահայտել։ Պատմական շերտերի և բովանդակության առումով Արտաշատ պատմական
մայրաքաղաքը բացառիկ մշակութային ժառանգություն է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի
հետազոտողների համար»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը հանձնառու է ապահովելու հնագիտական պեղումների,
բացահայտված շերտերի պահպանման, վերականգնման և ամրակայման շարունակականությունը, ինչպես
նաև տարածքի հանրային հասանելիությունն ու ենթակառուցվածքային զարգացումը։
Նախարարն առանձնահատուկ կարևորել է մայրաքաղաք Արտաշատի հանրայնացման նշանակությունը՝
շեշտելով, որ այն ունի զբոսաշրջային մեծ ներուժ, ինչպես նաև ռազմավարական նշանակություն մեր
հանրության համար՝ սեփական պատմությանը հաղորդակից լինելու տեսանկյունից։ «Խոսելով մեր
պատմության մասին՝ մենք առաջին հերթին կարիք ունենք այդ պատմությունը տեսնելու»,- նշել է նա՝
հավելելով, որ Արտաշատը հենց այն վայրն է, որտեղ հնարավոր է տեսանելիորեն առնչվել տարբեր
պատմական շրջանների մշակութային, տեխնոլոգիական ու հասարակական շերտերին։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ութանիստ եկեղեցու բացահայտման գիտական նշանակությունը՝
ընդգծելով, որ այն հնարավոր է դարձել հայ և գերմանացի գիտնականների համատեղ աշխատանքի շնորհիվ։
Բացահայտումն առանձնակի կարևոր է նաև վաղ քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության
տեսանկյունից՝ բացելով մինչ այժմ քիչ ուսումնասիրված մի նոր շերտ, որը կարող է հետագա
հետազոտությունների հիմք դառնալ ինչպես հայ, այնպես էլ միջազգային գիտական հանրույթի համար։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնությանը գիտության ոլորտում արդյունավետ
համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև համատեղ ծրագրերի
կարևորությունը։ Նա անդրադարձել է նաև Եվրոպական միության գործընկերների հետ
համագործակցությանը՝ նշելով, որ Արտաշատի տարածքի զարգացման ամբողջական հայեցակարգն արդեն
մշակված է, և դրա իրագործումը նոր հեռանկարներ կբացի պատմական մայրաքաղաքի ներկայացման
համար։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև պեղումներում ընդգրկված հանգետներին,
ինչպես նաև Մատենադարանին՝ մշակութային ժառանգության հանրայնացման և արդյունավետ գիտական
համագործակցության համար։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի գնահատմամբ՝ Արտաշատ մայրաքաղաքի ցուցադրության
կազմակերպումը Մատենադարանի գիտացուցադրական գործունեության մեջ բացառիկ է․ «Այս
հայտնագործությունը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն հայկական պատմության, եկեղեցու և կրոնի
պատմության, այլև, ընդհանրապես, վաղ քրիստոնեական շրջանի ուսումնասիրության տեսանկյունից։ Մինչ
այս հնագիտական արդյունքը մենք այս եկեղեցու գոյության մասին գիտեինք մատյաններում պահպանված
տեղեկություններից, ձեռագրական վկայություններից։ Եվ այսօր, կարելի է ասել, տեղի է ունենում այդ
վկայությունների մի յուրօրինակ նյութական հաստատումը։ Ձեռագիր մատյանների փոխանցած
տեղեկությունը փաստացի վավերացվում է հնագիտական հայտնագործությամբ։ Սա ևս մեկ կարևոր
ապացույց է, որ մեր ձեռագրերում պահպանված տեղեկություններն ունեն պատմական ամուր և հավաստի
հիմքեր»։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը ևս ողջունել է ներկաներին՝
ընդգծելով միջոցառման պատմական նշանակությունն ու բացառիկությունը։ Նրա խոսքով՝ այս
հայտնագործությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի և Գերմանիայի, այլև ամբողջ քրիստոնեական
աշխարհի համար։ Դեսպանը նշել է, որ բարձրագույն հնագիտական չափանիշների, նորագույն
երկրաֆիզիկական մեթոդների և առաջադեմ տեխնոլոգիաների համադրությամբ հնարավոր է դարձել
բացահայտել բացառիկ գտածոներ, որոնց առաջին արդյունքները ներկայացվում են ցուցադրությունում։
Ցուցադրության շրջանակում ներկայացվել են Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված
բացառիկ նյութերը, կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, գիտական վերականգնման
ընթացքը, ինչպես նաև նորագույն հետազոտական մեթոդների կիրառման արդյունքները։
Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրի շրջանակում
իրականացված հետազոտությունների ժամանակ։ Ծրագիրն իրականացվում է ԳԱԱ Հնագիտության և
ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի
հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ։
2023 թվականին երկրամագնիսական հետազոտությունների շնորհիվ արձանագրվել էր ութանկյուն
հատակագծով կառույցի առկայությունը, իսկ արդեն 2024 թվականի պեղումները հաստատել են, որ այն
եկեղեցի է։ Մասնագետների գնահատմամբ՝ եկեղեցին առանձնանում է իր ութանիստ կառուցվածքով, ներքին
ծիսական տարածքի կազմակերպմամբ, սյունաշարային համակարգով, ինչպես նաև պատերի սվաղի վրա
պահպանված փորագրություններով։
Պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերի և ածխածնային քննության արդյունքների հիման վրա
եկեղեցին թվագրվում է IV դարի առաջին քառորդով։ Հետազոտողները ենթադրում են, որ այն կարող էր
կապված լինել Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանի եկեղեցաշինության հետ։
Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է աշխատարան-քննարկումը։
