Հայաստանի Հանրապետության 35-ամյակին (1991–2026 թթ.) նվիրված հուշադրամ

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը:
Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը:
Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:
1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝
դրամը:
Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և
ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու
դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝
որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:
Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության,
Եվրախորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և այլ
միջազգային կազմակերպությունների անդամ է։
Դիմերես՝ ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ:
Դարձերես՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1950 թ.), ոճավորված եռագույնը,
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝
«…Թող միշտ պանծա Հայաստան» (տեքստը՝ Մ. Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բ. Կանաչյանի):
Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925 0
Քաշը 168,1 գ
Տրամագիծը 63,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ/համարակալված
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2026

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի
ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք
մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես
վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է
հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից:
Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե
որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն
ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և
չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ
կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ
հետևյալ հղումով՝ https://www.cba.am/file_manager/Collector_Coins/Dramaget_arm.pdf

Spread the love