Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ստացված ազդակների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «G Class invest» բրենդային անվանմամբ (կայք՝ www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊ ընկերությունը 1 (այսուհետ՝ Ընկերություն) հանդես է գալիս «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված արժեթղթերի ձեռքբերման հրապարակային առաջարկով:
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկի կողմից չի գրանցվել որևէ փաստաթուղթ, որի հիման վրա Ընկերությունը ներկայացնում է նմանատիպ առաջարկ, ինչպես նաև Ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ներդրողներին հորդորում ենք զգոն լինել և ՀՀ տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկից օգտվելու դեպքում՝ նախքան հրապարակային եղանակով առաջարկվող արժեթուղթ ձեռքբերելը, համոզվել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան ազդագրի գրանցված և հրապարակված լինելու հարցում, և/կամ օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից կամ կարգավորման դաշտում գործող ընկերություններից:
Արժեթղթերի հրապարակային առաջարկ իրականացնող կազմակերպությունների ցանկին և համապատասխան ազդագրերին կարող եք մշտապես ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Արժեթղթերի շուկա» ենթաբաժնում, իսկ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը ներկայացված է նույն բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:
Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը կոչ է անում կապիտալի շուկայից դրամական միջոցներ ներգրավելու նպատակով արժեթղթերի հրապարակային առաջարկ իրականացնելու մտադրություն ունեցող անձանց գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության (այդ թվում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի) պահանջներին համապատասխան և ձեռնպահ մնալ ներդրողների օրինական շահերի պաշտպանությունը վտանգող և վերջիններիս համար ֆինանսական ռիսկեր ստեղծող ցանկացած հնարավոր վարքագծից։ Օրենսդրությամբ սահմանված պահանջների չկատարումը, ներառյալ առանց համապատասխան լիցենզիայի, թույլտվության կամ գրանցման գործունեություն իրականացնելը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։
