«Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է WADA-ի ներկայացուցչին

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Եվրոպական գրասենյակի և սպորտային
շարժման հետ հարաբերությունների տնօրեն Սեբաստիան Ժիլոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակադոպինգային գործակալության գործունեությանն և
մաքուր սպորտի ամրապնդմանն առնչվող հարցեր։
Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու
Հայաստանում մաքուր սպորտի սկզբունքների հետևողական ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այս
առաջնահերթությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030
թվականների զարգացման ռազմավարությամբ:
Այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ազգային հակադոպինգային գործակալության՝
միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությունը։ Նախարարի խոսքով՝ վերջին ամիսներին
քայլեր են ձեռնարկվել գործակալության համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների և
ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
Գործակալությանը հատկացվել է նոր տարածք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտում, որը համագործակցության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ է
ստեղծում՝ բուհի ենթակառուցվածքներից օգտվելու, աշխատաժողովներ և կրթական միջոցառումներ
իրականացնելու, ինչպես նաև մաքուր սպորտի գաղափարների տարածմանը երիտասարդներին և
ուսանողներին ներգրավելու առումով։
Կարևորելով ազգային հակադոպինգային գործակալության ու պետական լիազոր մարմնի արդյունավետ
համագործակցությունը՝ Սեբաստիան Ժիլոն շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ ցուցաբերվող
աջակցության համար և նշել, որ արդեն ծանոթացել է գործակալության նոր տարածքին։
Նշվել է, որ գործակալության գործունեության ֆինանսավորումն ամբողջությամբ նախատեսված է
պետական բյուջեի միջոցներից, իսկ խոշոր միջազգային մրցաշարերի և առաջնությունների անցկացման
դեպքում տրամադրվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում։
Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացված և առաջիկայում նախատեսվող խոշոր մարզական
միջոցառումներին և դրանց շրջանակում արդյունավետ հակադոպինգային համակարգի կարևորությանը։
Նշվել է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը վերջերս լիարժեք սպասարկել է «Tour of
Armenia 2026» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը։
2027 թվականին Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային
խաղերը, որտեղ ևս գործակալության գործունեությունը կարևորվում է։

Սեբաստիան Ժիլոն ընդգծել է, որ միջազգային խոշոր մրցաշարերի անցկացումը հնարավորություն է
Հայաստանի համար՝ ցույց տալու երկրի հանձնառությունը մաքուր սպորտին և բարեվարքությանը։ Նա նաև
վերահաստատել է Հայաստանի հակադոպինգային համակարգի և մասնագետների կարողությունների
զարգացմանն աջակցելու WADA-ի պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Spread the love