Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնահերթություն են

 

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները
մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ
պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման
ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին,
ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։
Այցերի նպատակն էր տեղում ուսումնասիրել զինծառայողների և զինապարտների
իրավունքների ապահովման վիճակը, առկա խնդիրները և դրանց կանխարգելմանն
ուղղված մեխանիզմների արդյունավետությունը։
Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի,
ինչպես նաև բռնության ցանկացած դրսևորման կանխարգելման ու բացառման հարցերին,
զինծառայողների միջև փոխհարաբերություններին, ստորաբաժանումներում
բարոյահոգեբանական մթնոլորտին, զինվորական կարգապահության ապահովմանը,
ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցերին։
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել զորամասի տարածքում,
ծանոթացել զինծառայողների կեցության, սննդի կազմակերպման, սանիտարահիգիենիկ և
այլ սոցիալ-կենցաղային պայմաններին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների համար իրենց իրավունքների
հնարավոր խախտումների, այդ թվում՝ վատ վերաբերմունքի կամ բռնության դեպքերի

վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հասանելի և անվտանգ մեխանիզմների
առկայությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը։
Այցի ընթացքում տարբեր կազմերի զինծառայողների հետ անցկացվել են
առանձնազրույցներ՝ նրանց ծառայության պայմանների, միջանձնային
հարաբերությունների, հրամանատարական կազմի հետ փոխհարաբերությունների,
բարոյահոգեբանական մթնոլորտի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության և
հնարավոր խախտումների մասին հաղորդելու մեխանիզմների վերաբերյալ։
Տարածքային ստորաբաժանումում ուսումնասիրվել են զինվորական հաշվառման,
զորակոչի կազմակերպման, քաղաքացիների պատշաճ իրազեկման, բժշկական
հետազոտությունների կազմակերպման, ինչպես նաև զինապարտների իրավունքների
ապահովմանն առնչվող հարցեր։
Արարատի մարզի Ռազմական ոստիկանության բաժնում ուսումնասիրվել են զինված
ուժերում վատ վերաբերմունքի և բռնության դեպքերի կանխարգելման, դրանց վերաբերյալ
հաղորդումների պատշաճ արձագանքման, զինծառայողների իրավունքների
պաշտպանության, ինչպես նաև Ռազմական ոստիկանության կանխարգելիչ
գործունեությանն առնչվող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները
մշտադիտարկման այց են իրականացրել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության
ընդունիչ-բաշխիչ բաժին։
Այցի ընթացքում շրջայց է իրականացվել ընդունիչ-բաշխիչ բաժնի տարածքում,
ուսումնասիրվել են այնտեղ պահվող զինծառայողների կեցության, սննդի,
սանիտարահիգիենիկ և այլ պայմանները։
Ընդունիչ-բաշխիչ բաժնում պահվող զինծառայողների հետ անցկացվել են
առանձնազրույցներ։ Քննարկվել են նրանց նկատմամբ վերաբերմունքին, պահման
պայմաններին, իրավունքների իրացմանը, անհրաժեշտ բժշկական օգնության
հասանելիությանը, ինչպես նաև հնարավոր խախտումների վերաբերյալ բողոք
ներկայացնելու մեխանիզմների հասանելիությանը և դրանց վերաբերյալ
իրազեկվածությանը վերաբերող հարցեր։

Spread the love