Սեպտեմբերի 29-ին ՀՀ կենտրոնական բանկում մեկնարկել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության տեխնիկական աջակցության ընտրատարածքային ծրագրի տարեկան հանդիպումը՝ «Ֆինանսական դիմակայունության ամրապնդում» խորագրով։
Հանդիպման պաշտոնական բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՏՀԶԿ Ֆինանսական սպառողների պաշտպանության, կրթության և ներառման ստորաբաժանման ղեկավար Մայլս Լարբին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը և Նիդերլանդների ֆինանսների նախարարության համակարգող Անժելիկ վան Հաաստերենը։
Մարտին Գալստյանն ընդգծել է, որ ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա։ Նա նշել է, որ Հայաստանում մշակվող Ֆինանսական կրթման ծրագրի երրորդ փուլում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փորձարկմանը, վարքաբանական մոտեցումներին և արդյունքների գնահատմանը։
Մայլս Լարբին նշել է, որ հանդիպումը, որը համախմբում է Հայաստանի և տարածաշրջանի ևս տասը երկրների ներկայացուցիչների, արտացոլում է ֆինանսական կրթության քաղաքականությունների զարգացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ընդհանուր հանձնառությունը։
Անժելիկ վան Հաաստերենի խոսքով՝ ֆինանսական դիմակայունությունը նշանակում է կարողանալ արդյունավետ կառավարել առօրյա ֆինանսները, դիմակայել տնտեսական ցնցումներին, շարունակել շարժվել դեպի երկարաժամկետ նպատակներ և պահպանել վստահությունն ու սեփական ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը։
Աննա Բաբաջանյանն ընդգծել է պետական կառույցների, Կենտրոնական բանկի, կրթական համակարգի, մասնավոր հատվածի և այլ գործընկերների համագործակցության կարևորությունը՝ ներկայացնելով նաև Հայաստանում դպրոցական կրթության մեջ ֆինանսական կրթության ինտեգրման փորձը։
Հանդիպմանը նախորդող ողջույնի ընդունելությունը սեպտեմբերի 28-ին անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ մասնակիցներին ողջունել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։ Արմեն Նուրբեկյանն ընդգծել է ապացույցների, հետազոտության և գնահատման վրա հիմնված քաղաքականության կարևորությունը՝ նշելով, որ ֆինանսական կրթության ծրագրերը պետք է գնահատվեն ոչ միայն իրականացված միջոցառումների թվով, այլև մարդկանց վարքագծի և ֆինանսական որոշումների վրա ունեցած իրական ազդեցությամբ։
Հանդիպումը կշարունակվի ևս երկու օր՝ ֆինանսական կրթության և ֆինանսական դիմակայունության թեմաներով հետագա քննարկումներով և փորձի փոխանակմամբ։
