Ինչպես հայտնի է հոկտեմբերի 2 –ին Ինժեներական քաղաքի «Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր»
շենքում մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը։
Արդեն 10-րդ անգամ անցկացվող «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը» Հայաստանի ճարտարագիտության ոլորտի գլխավոր ամենամյա իրադարձությունն է, որը համախմբում է ոլորտի մասնագետներին, պետական և
մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, գիտահետազոտական և կրթական հաստատություններին, միջազգային
գործընկերներին, ինչպես նաև ճարտարագիտական ընկերություններին։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր»
հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր և միջազգային մի շարք գործընկեր կառույցների
ու ծրագրերի հետ համագործակցությամբ։
Այս տարվա միջոցառման խորագիրն է «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունն իրական
աշխարհում» (Physical AI: Engineering Intelligence for the Real World)։ Այն նվիրված է արհեստական
բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր անցմանը և այդ ուղղությամբ նորարարական
տեխնոլոգիական լուծումներին։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը մեկնարկեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և
արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի ելույթով, ով անդրադարձավ Հայաստանի
տեխնոլոգիական օրակարգում արհեստական բանականության աճող դերին, ոլորտի զարգացման համար ձևավորվող
հնարավորություններին և ճարտարագիտության հետ դրա փոխկապակցվածությանը։
«Հայաստանի տեխնոլոգիական ներուժի հաջորդ կարևոր քայլը մեր ինժեներական կարողություններն ավելի ամուր
կապելն է համաշխարհային տեխնոլոգիական շղթաների հետ։ Դրա համար անհրաժեշտ է համադրել մեր
մասնագիտական ներուժը, գիտական և տեխնոլոգիական կարողությունները, կրթությունն ու բիզնեսը և ստեղծել
միջավայր, որտեղ հայկական ինժեներական գաղափարները կարող են վերածվել միջազգային շուկաների համար
նախատեսված լուծումների»,- նշեց նախարարը։
Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության
պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև
տեխնոլոգիական համագործակցությանը, նորարարական էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև միջազգային
տեխնոլոգիական ու ինժեներական գործընկերություններում Հայաստանի ներուժի կարևորությանը։
«Այս տարվա թեման՝ Ֆիզիկական արհեստական բանականությունը (Physical AI), միավորում է տեխնոլոգիաները,
այդ թվում՝ արհեստական բանականությունը, ճարտարագիտությունը, ռոբոտաշինությունը՝ իրական աշխարհում
առկա մարտահրավերներին արձագանքելու նպատակով։
Երբ արհեստական բանականությունը թվային միջավայրից անցնում է մեքենաների և ռոբոտների տիրույթ,
անվտանգությունն ու վստահությունը դառնում են առանցքային նշանակության։ Արհեստական բանականության մասին
ակտով (AI Act) Եվրոպական միությունն ընդունել է ԱԲ-ի վերաբերյալ աշխարհում առաջին համապարփակ
իրավական շրջանակը։ Դրա մոտեցումը հիմնված է ռիսկերի գնահատման վրա․ ԱԲ կիրառությունների մեծ մասը չի
ենթարկվում հատուկ կանոնակարգերի, մինչդեռ այն համակարգերը, որոնք կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել
առողջության, անվտանգության կամ հիմնարար իրավունքների համար, պետք է համապատասխանեն ռիսկերի
կառավարման, թափանցիկության և մարդկային վերահսկողության հստակ պահանջներին։ Հայաստանի ինժեներների և
ընկերությունների համար սրանք այն կանոններն են, որոնք թույլ են տալիս ԱԲ լուծումները դուրս բերել 450
միլիոնանոց միասնական շուկա։
Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու հետազոտությունների, կրթության և բիզնեսի միջև
համագործակցությանը, ինչպես նաև ամրապնդելու կապերը Հայաստանի և եվրոպական նորարարական
էկոհամակարգերի միջև։ «Ճարտարագիտական շաբաթը» օգտակար հարթակ է փորձի փոխանակման, նոր
տեխնոլոգիաների ուսումնասիրման և այս զարգացումների շուրջ գործընկերությունների ձևավորման համար», –
նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպանը։
«Ֆիզիկական ԱԲ-ն այն բանի վառ օրինակն է, թե ինչպես են տեխնոլոգիական զարգացումները նոր
հնարավորություններ ստեղծում տարբեր ոլորտներում՝ արտադրությունից և ռոբոտատեխնիկայից մինչև
առողջապահություն և տեխնոլոգիատար այլ ուղղություններ։ EU4Innovation East-ի նպատակներից մեկն է
աջակցել Արևելյան գործընկերության երկրների նորարարական էկոհամակարգերին, որպեսզի դրանք ավելի լավ
պատրաստված լինեն տեխնոլոգիական ներուժը կենսունակ բիզնեսի և շուկայական հնարավորությունների վերածելու
համար։ Սա ենթադրում է աջակցություն ստարտափներին ու ընկերություններին, կապերի ամրապնդում
հետազոտական հատվածի և արդյունաբերության միջև, ինչպես նաև հասանելիության բարելավում փորձագիտական
ռեսուրսներին, ցանցերին ու միջազգային շուկաներին։ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը» կարևոր
հարթակ է այս զարգացումներն ու անհրաժեշտ գործնական քայլերը քննարկելու համար, որոնք կօգնեն
նորարարներին տեխնիկական լուծումներից անցում կատարել դեպի այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք
կարող են մրցունակ լինել տեղական շուկայի սահմաններից դուրս», – նշեց EU4Innovation East ծրագրի տնօրեն Ժյուլիեն Շմիդտը։Ֆիզիկական ԱԲ-ի զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում ճարտարագիտության, արտադրության և այլ
ոլորտների համար՝ միավորելով արհեստական բանականությունը, ինժեներական մտածողությունն ու առաջատար տեխնոլոգիաները։
Այս համատեքստում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց
ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման, նորարարության խթանման և
համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում երկրի դիրքավորման գործում։
«Այսօր AI-ը տեխնոլոգիական զարգացման նոր փուլ է ձևավորում, և դրա ազդեցությունն արդեն դուրս է գալիս
թվային միջավայրի սահմաններից։ Ֆիզիկական ԱԲ-ն այդ փոփոխության կարևոր դրսևորումներից է, որտեղ
արհեստական բանականությունը, ինժեներական մտածողությունը, ռոբոտատեխնիկան, էլեկտրոնիկան և այլ
առաջատար տեխնոլոգիաներ միավորվում են՝ իրական աշխարհի խնդիրների համար նոր լուծումներ ստեղծելու նպատակով։
Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ օգտագործելու մեր ինժեներական և գիտական ներուժը, ձևավորելու նոր աշխատատեղեր, մուտք գործելու համաշխարհային նոր շուկաներ և ապահովելու մեր երկրի նոր,
ռազմավարական դիրքավորումն աշխարհում՝ ներկայանալով ոչ միայն որպես տեխնոլոգիաներ օգտագործող, այլև բարդ տեխնոլոգիական խնդիրներ լուծող երկիր։ Այսօր Ինժեներական քաղաքը Հայաստանում հանդիսանում է իր տեսակով եզակի հարթակ, որն ակտիվորեն խթանում և զարգացնում է Ֆիզիկական AI-ի ուղղությունը։ Դրա համար
անհրաժեշտ է շարունակել ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ գիտությունը, կրթությունը, ինժեներական
համայնքը և բիզնեսը կարող են աշխատել միասին և ստեղծել կիրառելի, մրցունակ լուծումներ։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը» հենց այդ համագործակցության հարթակներից է։ Տարիների ընթացքում այն դարձել է մասնագետների, երիտասարդների, գիտնականների, տեխնոլոգիական ընկերությունների և միջազգային
գործընկերների համախմբման կենտրոն՝ ոչ միայն ներկայացնելու Հայաստանում ստեղծվող լուծումները, այլև քննարկելու ոլորտի խնդիրները, գտնելու դրանց լուծման ուղիները և ձևավորելու նոր համագործակցություններ։
Այսօր մեր խնդիրն է ոչ միայն ցույց տալ, թե ինչ ունենք, այլև ձևավորել այն միջավայրը, որտեղ կարող են ծնվել Հայաստանի հաջորդ տեխնոլոգիական և ինժեներական նվաճումները», – նշեց Բագրատ Ենգիբարյանը։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առաջին օրն Ինժեներական քաղաքում մեկ հարթակում
համախմբեց միջազգային փորձը, ճարտարագիտական վարպետությունն ու իրական աշխարհում կիրառվող
տեխնոլոգիաները։
Օրվա օրակարգում ներառված էին չորս հիմնական բանախոսություններ՝ «Եվրոպայի հաջորդ դարաշրջանը․
կողմնորոշվելով կատարյալ փոթորկի պայմաններում», «ԱԲ-ն ինքնավար աշխարհում․ հնարավորություններ և մարտահրավերներ զարգացող տեխնոլոգիական կենտրոնների համար», «Ռոբոտների երևակայություն և
գործողության հնարավորությունների ուսուցում Ֆիզիկական ԱԲ-ում» և «Փափուկ և կոշտ տեխնոլոգիաների
հատման կետում․ Ֆիզիկական ԱԲ-ի ձևավորումը»։
Թեմատիկ բանախոսություններից հետո տեղի ունեցան Ֆիզիկական ԱԲ-ին նվիրված ճարտարագիտական պանելային
քննարկումներ, այդ թվում՝ «Գիտությունը հանդիպում է ճարտարագիտությանը․ Ֆիզիկական ԱԲ և իրական
աշխարհի մարտահրավերներ» քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գիտության, ինժեներության և
նորագույն տեխնոլոգիաների փոխկապակցվածությանը։
Քննարկումներին հաջորդեց ճարտարագիտական և բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի բացումը, որտեղ
ներկայացվեցին հայաստանյան ճարտարագիտական ընկերությունների նորարարական տեխնոլոգիաներն ու
արտադրանքը։ Ցուցադրության կարևոր բաղադրիչներից էր G1 հումանոիդ ռոբոտը, որի կենդանի ներկայացման
միջոցով ցույց տրվեց, թե ինչպես է Ֆիզիկական ԱԲ-ն կիրառվում ֆիզիկական համակարգերում և ինչ նոր
հնարավորություններ է այն ստեղծում խելացի արտադրության համար։
Ինժեներության, համայնքային կապերի և համագործակցությունների կարևորությանն անդրադարձավ նաև NI
(Emerson) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Առուստամյանը՝ ընդգծելով ուժեղ ինժեներական
էկոհամակարգի ձևավորման և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքավորման դերը։
«Ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային է ուժեղ ինժեներական
համայնքի ձևավորումն ու ամբողջական էկոհամակարգի զարգացումը։ Հայաստանը բացառիկ ներուժ ունի
համաշխարհային ինժեներական քարտեզում իր ուրույն տեղն ամրապնդելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ
է շարունակական խորացնել համագործակցությունը կրթական, ինժեներական և բիզնես հատվածների միջև։
«Ճարտարագիտական շաբաթի» նման նախաձեռնությունները կարևոր խթան են միջազգային գործընկերությունների
ընդլայնման, փորձի փոխանակման և Հայաստանում ստեղծվող ճարտարագիտական լուծումները համաշխարհային
շուկաներին հասանելի դարձնելու համար», – նշեց Արսեն Առուստամյանը։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, միջոցառումները
կշարունակվեն Ինժեներական քաղաքում։ Օրվա ծրագրում նախատեսված են մասնագիտական պանելային
քննարկումներ, աշխատարաններ և շրջայցեր։ Շրջայցերի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան
այցելելու Գիտության և տեխնիկայի ու Տիեզերքի թանգարաններ, ինչպես նաև արտադրական տարածքներ՝
ծանոթանալու ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներին և տեսնելու, թե ինչպես են գաղափարները վերածվում իրական արտադրանքի ու կիրառական լուծումների։
Միջոցառումների շարքը կամփոփվի հոկտեմբերի 4-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կանցկացվեն պանելային քննարկումներ և բանախոսություններ՝ նվիրված գիտության և ճարտարագիտության տարբեր
ուղղություններում երիտասարդության դերին։
