Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները:
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ համագործակցության խորացման առկա ներուժի իրացման հնարավորություններին: ՀՀ փոխվարչապետը և Իրանի նախարարը մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում երկու երկրների համագործակցության առկա ներուժի շուրջ: