Օրերս հայտնի դարձավ , որ Երևանում մետրոյի ևս մեկ միջանկյալ կայարան կկառուցվի «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
«Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։Ավինյանի խոսքով` այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։
«Երեկ ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։ Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,– եզրափակել է Ավինյանը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը:Հիշեցնենք` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:
- Հ.Գ.հիշեցնենք , որ սոցիալական ցանցերում բուռն քննադատության արժանացավ Ավինյանի այս քայլը, որի շուրջ ևս գրառում է արել իր ֆեսբուքյան էջում« Իրազեկ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ,ով մասնավորապես գրել է ՝
- Միջանկյալ կայարաններ կկառուցվեն նաև «Տեցի կրուգում», Արցախ-Էրեբունի խաչմերուկում (զուտ, որ օֆիսին մոտ լինի), «Կինոերևանում», իսկ հետագայում նաև «Կասկադի» մոտակայքում:
Լավ, նախագծելու տակ «փող քերելը» հասկացանք, բայց ի՞նչ գործ ունի ոչ մի պետական պաշտոն չզբաղեցնող անձը նման հարցերի քննարկմանը:
Կարինե Սարգսյան