N1 պոլիկլինիկան, N5 պոլիկլինիկան եւ Քաղաքային էնդոկրին դիսպանսերը կմիանան N4 պոլիկլինիկային։ Նախատեսվում է նաեւ միավորել N1 պոլիկլինիկայում եւ Քաղաքային էնդոկրին դիսպանսերում մատուցվող ծառայությունները, իսկ N5 պոլիկլինիկայի գործունեությունը կշարունակվի նույն հասցեում որպես N4 պոլիկլինիկայի մասնաճյուղ։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստում։
«Հերացի» պոլիկլինիկայի գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ բանակցություններ են ընթանում։
Արաբկիրի մանկական պոլիկլինիկան կմիանա «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոնին, Սարի թախի պոլիկլինիկան՝ N17 պոլիկլինիային, Նորագավիթի պոլիկլինիկան՝ N13 պոլիկլինիային, իսկ Նուբարարշենի պոլիկլինիկան՝ Նոր Արեշի պոլիկլինիային։
Նշվում է, որ այս փոփոխությունները, որոնք կտեւեն երեք տարի, կնպաստեն քաղաքացիների սպասարկման պայմանների բարելավմանը եւ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։
Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը վստահեցրեց, որ խոսքը ոչ թե բուժհաստատությունների փակման, այլ կառուցվածքային փոփոխությունների մասին է, Երեւանին պատկանող գույքն ու շինությունները չեն օտարվել, մնացել են քաղաքի բալանսում։
Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ նշեց, որ պետությունն այս կերպ ձեռքերը լվանում է պոլիկլինիկաներից։ «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը նշեց պոլիկլինիկաների անմխիթար պայմանները։ «Պոլիկլինիկայի փակվելուց հետո մարդիկ ստիպված են լինելու հասնել վարչական շրջանի մյուս ծայր։ Բժշկության ոլորտում խնդիրներ լուծելու փոխարեն փակում ենք հիմնարկներ։ Հետհեղափոխական Հայաստանում բժշկության ոլորտը համարում եմ ամենատապալված ոլորտը»,-նշեց Խաչատրյանը։