Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 31-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Քննարկումներին ներկա է եղել ՀՀ վարչապետը: Նա տեղեկացրել է, որ 2021 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել 5,3 տոկոսով. ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1 տոկոս: Բյուջեի եկամտային մասն էլ հաշվետու տարում գերակատարվել է 147 մլրդ դրամով, այսինքն՝ 147 մլրդ դրամ ավելի գումար է մուտք եղել պետական բյուջե:
«Հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձեւով: Մենք միջնաժամկետում խնդիր ունենք այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու հարկային դրույքները նվազեցնելու ֆոնին, բայց մենք այդ խնդիրը պիտի փորձենք լուծել»,-հարկային քաղաքականության համատեքստում նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնել է, որ 2021 թ. 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: Համեմատության համար նշվել է, որ 2017 թ. ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ: «2021 թ. ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որեւէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսվարողներին ԱԱՀ-ն այժմ վերադարձվում է ամսական կտրվածքով:
Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ դա կարող էին չանել, սակայն համարել են, որ պետության հեղինակությունն ամենակարեւորն է, եւ չի կարող այնպես լինել, որ պետությունն ինչ-որ մեկից գումար վերցնի եւ չվերադարձնի: Այդ ժամանակ պետությունը նախատեսել էր վերադարձնել 56 մլրդ դրամ, բայց փաստացի վերադարձրել է 42 մլրդ դրամ, քանի որ շատ ընկերություններ այդ ընթացքում լուծարվել էին: Նա նշել է, որ այժմ Հայաստանում 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա: Իսկ եթե կա ԱԱՀ-ի դեբետի պարտք, նշանակում է, որ տնտեսավարողը դեռ չի հասցրել դիմում տալ, որպեսզի 1 ամսվա ընթացքում ստանա:
Վարչապետը կարեւորել է նաեւ եկամտային հարկի մասով իրականացված բարեփոխումը՝ նշելով, որ դրա արդյունքում քաղաքացիներն այժմ 21 տոկոս եկամտահարկ են վճարում:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ իրականացված մյուս բարեփոխումներին, ընթացիկ տնտեսական ցուցանիշներին՝ դրանք համարելով լավատեսական: