Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տրանսպորտի սակագնի բարձրացման ալիքի ֆոնին Կոտայքի մարզպետը իր մոտ է հրավիրում շահագրգիռ բոլոր կողմերին քննարկումների և համակողմանի լուծումներ գտնելու նպատակով:
«Մեր նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում եռակողմ հանդիպում-քննարկում ենք կազմակերպել և իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:
Նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այս հանդիպումը Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ մեր քաղաքացիները դիմել էին ինձ և ներկայացրել իրենց դժգոհությունը:
Բավականին արդյունավետ քննարկում էր. քաղաքացիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, որոնք մեծամասամբ կապված են սոցիալական խնդիրների հետ:
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ ղեկավար Արթուր Դալլաքյանն ու ՏԿԵՆ ներկայացուցիչ Խաչիկ Սողոմոնյանը պարզաբանեցին մրցույթի անցկացման կարգը և պատասխանեցին քաղաքացիների հարցերին:Բարձրաձայնված շատ հարցեր առաջիկա մի քանի օրերի ընթացքում կպարզաբանվեն «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի կողմից և լուծումներ կստանան:
Նախանշվեցին և գույքագրվեցին սակագնի վերանայմանն ուղղված առաջարկությունները, որոնք բազմակողմանի կուսումնասիրվեն և հաջորդ հանդիպմանը առանցքային քննարկման նյութ կդառնան:
Մինչ այդ, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել և վստահեցնել մեր քաղաքացիներին, որ յուրաքանչյուր խնդիր, այդ թվում նաև տրանսպորտի սակագնի հետ կապված խնդիրը, գտնվում է մարզպետարանի և անձամբ իմ անմիջական ուշադրության կենտրոնում և մեր ամենօրյա աշխատանքով պետք է անենք առավելագույնը, որ Կոտայքի մարզում մեր քաղաքացիների համար չլուծված խնդիրներ չմնան:
Կազմեց՝ Կարինե Սարգսյանը